Աշտարակի ավագանու անդամները բոյկոտեցին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում այսօր` սեպտեմբերի 23-ին, հրավիրված էր ավագանու հերթական նիստը: Մեկնարկին քաղաքապետ Արմեն Անտոնյանը հայտնեց, որ օրակարգում ներառված է 8 հարց և ևս մի քանի առաջարկ` արված ավագանու անդամների կողմից:

Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին տարածվել, թե ավագանու անդամներն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այսպես կոչված, մարզադպրոցի հարակից տարածքում գազալցակայան կառուցելու համար նախատեսված ծրագրին պետք է կողմ քվեարկեին:

Այսօր ևս հարցը օրակարգում էր, և ավագանու՝ ՀՅԴ անդամներից Կարեն Շահազիզյանն առաջարկեց այս հարցն առաջին հերթին դնել քննարկման, սակայն Արմեն Անտոնյանը նշեց, որ յուրաքանչյուր հարց պետք է օրենքի չափորոշիչներով քննարկվի:

Այն բանից հետո, երբ ավագանու անկուսակցական անդամ Վահագն Մկրտչյանն առաջարկեց օրակարգից հանել վերջին երկու հարցերը` կապված «Արայի» մշակույթի տան շենքն օտարելու և Պռոշյան փողոցում գտնվող նախկին շուկայի կիսաքանդ շինությունը գնելու առաջարկությունների հետ, մասնակիցներն անցան քվեարկության: Վ. Մկրտչյանի առաջարկները մերժվեցին` դեմ քվեարկողների՝ մեծամասնություն լինելու պատճառով:

Ապա ավագանու անդամները հերթով դուրս եկան դահլիճից` առանց պատճառաբանության: Նրանք, ովքեր մնացին ներսում, ընդմիջում խնդրեցին նիստը վարող Ա. Անտոնյանից, սակայն վերջինս ոչ միայն մերժեց խնդրանքը, այլև հրահանգեց դրսում գտնվողներին արագ ներս կանչել: Սակայն ավագանու անամներն այդպես էլ չեկան, ավելին` զարգացումները բոլորի համար անսպասելի ընթացք ունեցան:

Քաղաքապետը զայրացած հայտարարեց, թե քանի որ նիստի օրակարգը չի հաստատվել, այն համարվում է փակված:

Ի դեպ, նշենք, որ րոպեներ տևած քննարկումների ընթացքում ավագանու անդամները որևէ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չէին գալիս, ավելին` ընդհատում էին ելույթ ունեցողներին, և յուրաքանչյուրը տեղից իր կարծիքն էր արտահայտում:




Լրահոս