Կռվախնձոր դարձած գազալցակայանի շուրջ նոր բախումներ են սպասվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը խորհուրդ է տալիս քաղաքում կառուցվելիք գազալցակայանի հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի անունն ընդհանրապես չշոշափել:

Քաղաքապետը վստահ է, որ լուրերը, թե մարզադպրոցի հարակից տարածքում փորձում են բենզալցակայան կառուցել, պարզապես փողոցային խոսակցություններ են, որոնց ուշադրություն դարձնել չարժե:

«Եթե համապատասխան գերատեսչությունը` Բնապահպանության կամ Քաղաքաշինության նախարարություններից որևէ մեկը, համապատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ տա, որ նշված տարածքում կարելի է բենզալցակայան կառուցել, ես իրավունք չեմ ունենա դեմ խոսել կամ արգելել»,- Armlur.am-ին հայտնեց Աշտարակի ղեկավարը` նշելով, որ իրենք մի շարք հողակտորներ են դրել օտարման, որպեսզի հնարավոր լինի ֆոնդային ծախսերը լուծել:

Քաղաքապետի փոխանցմամբ` ավագանին տվել է իր համաձայնությունը հողի օտարումն անելու և դրա միջոցով ծախսերը հոգալու:

«Վաղը նույն ավագանին ինձ պետք է ասի` ինչու՞ շատ հողեր չեք ներկայացրել, որպեսզի օտարենք, դուք էլ գործ անեք: Դե ես էլ ներկայացնում են, առաջարկում եմ առողջ քննարկումներ, և եթե օտարում չլինի, ոչինչ չենք կարող անել կամ ձեռնարկել»,- նշեց անկուսակցական Արմեն Անտոնյանը` հավելելով, որ բողոքի մեծ ալիք բարձրացրած 1320 քմ տարածքը իրականում խնդրահարույց չպետք է լինի: Ավագանու անդամները շատ բան են ասում` լսելով ուրիշներից, որը ես չեմ ընդունում: Պետք չէ կապել որևէ անձի, անունների և այլնի հետ: Ես էլ ասում եմ, որ այնտեղ այդպիսի խնդիր չպետք է լինի: Ես էլ ասում եմ, որ այդ տարածքը գնում են, որ նվիրեն ինչ-որ մեկին»,- նշեց քաղաքապետը, իսկ մեր դիտարկմանը, թե արդյոք որպես քաղաքապետ նա պարտավոր չէ՞ հստակ իմանալ` ինչ է կառուցվելու տարածքում, Ա. Անտոնյանը նշեց, որ ինքն էլ ցանկացածի պես կարող է ենթադրություններ անել:

Տարածված լուրերի մեջ քաղաքապետն իր անձի նկատմամբ իրականացվող գործողությունների միտում չի տեսնում, իսկ ինչ վերաբերում է ավագանու անդամների նկատմամբ ճնշումների գործադրմանը, Անտոնյանը վստահեցրեց, որ իր կողմից նման քայլեր չեն եղել, իսկ թե այլ  անձանց կողմից եղել են, թե ոչ` դժվարացավ պատասխանել:

Ավագանու ՀՅԴ անդամ Կարեն Շահազիզյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում ասաց, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել, առավել ևս քաղաքապետի կողմից, մյուս անդամների մասին ոչինչ ասել չկարողացավ:

Ավագանու մյուս անդամները Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել իրենց բոյկոտը` չնայած այն հանգամանքին, որ բազմիցս բողոքներ են հնչեցրել, թե իրենց նկատմամբ ճնշում են գործադրում և ստիպում կողմ քվեարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանու անդամ Կարեն Շահազիզյանը մեզ հայտնել էր, թե գազալցակայանի հարցը վաղուց փակվել է և հարցը լուծված է: Սակայն այսօր բախվեցինք այն փաստին, որ հարցը կրկին օրակարգում է դրվել և կդրվի այնքան ժամանակ, քանի դեռ ավագանու բոլոր անդամները դրան կողմ չեն քվեարկել:

Նշենք` Armlur.am-ի տեղեկություններով` գազալցակայան կառուցելու նախաձեռնությունն իրականում պատկանում է Վաչե Ղազարյանի դստեր ամուսնուն, ով հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊ ընկերության տնօրենը:

Ի դեպ, Աշտարակի քաղաքապետարանում լուրեր են շրջանառվում, թե Արմեն Անտոնյանը ցանկացած հարմար առիթ կօգտագործի` պաշտոնը լքելու համար: Պատճառը, թերևս, ավագանու անդամների վերաբերմունքն է օրակարգային հարցերի նկատմամբ, որոնց նրանք մատների արանքով են նայում: Իսկ քաղաքապետն օրենքի թերացման պատճառով, կարծես թե, իրավասություններ չունի իրավիճակը վերահսկելու համար:

Ավագանու անդամի զրույցն առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս