Ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Վիլնյուսում ընդունված Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Չեխական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը՝ նկատելով, որ Չեխիան պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ձևաչափ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա անդրադարձել է վերջերս Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը՝ նշելով, որ այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է:

Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամներ Տաճատ Վարդապետյանը, Մարգարիտ Եսայանը և Արծվիկ Մինասյանն անդրադարձել են Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև համագործակցությանը՝ կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մարտին Տլապային և Միրոսլավ Կրեյչային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ




Լրահոս