Փոփոխություններ՝ ընտանեկան նպաստի ստացման կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Համաձայն` նույն օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից: Ընդ որում ընտանիքի անապահովության միավորը հաշվարկվում է ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N145-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգ»-ի համաձայն:

Իսկ ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ` 2014 թվականին ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:

Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային մարմին եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

Խորհուրդ է տրվում դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, հաշվառվել, որից հետո ձեռք բերած անապահովության միավորով կորոշվի նրա ընտանիքին ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն հատկացնելու իրավունքը:

Հաշվառվելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ցանկի մասին մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնից:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս