Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի հանդիպման ժամանակ քննարկվել է 4 հարց: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Անդրադարձել են առաջիկա մարզային այցելությունների վերջնական ժամանակացույցին, ամփոփել են Կառավարությանը ներկայացրած 12 կետի վերջնական գնահատականը, որն էլ եռյակը պատրաստվում է ներկայացնել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:
«Երրորդ հարցով քննարկել ենք հոկտեմբերի 10-ի հանահավաքի օրակարգը: Մեզ համար շատ կարևոր է, որ համապետական հանրահավաքին ներկայացնենք այն օրակարգը, որը ժողովրդի պահանջներից է բխում»,- նշեց Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ չորրորդ հարցով քննարկել են մի շարք այլ հարցեր:
Այն հարցին, թե հանրահավաքին կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը քննարկվել է, թե` ոչ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք դեռ քննարկում են այդ հարցը: Պնդմանը, թե ինչով է բացատրվում առաջին նախագահի գրասենյակի ղեկավարի մասնակցությունը եռյակի նիստին, Հակոբյանը պատասխանեց, որ այս պահին ստեղծվել է մի խումբ, որը զբաղվում է քարոզչական և կազմակերպչական հարցերով, և այդ աշխատանքները զեկուցելու համար էլ Ավետիս Ավագյանը մասնակցում էր նիստին:
Այն հարցին, թե հնարավոր է՝ մինչ հանրահավաքը եռյակը կորուստներ ունենա, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք կորուստներ չունեն: «ՀՅԴ-ն չի հայտարարել, որ մեզ լքում է, ավելին, առաջիկա նիստին ՀՅԴ-ն ևս կմասնակցի, և կքննարկենք կառավարությանը ներկայացրած 12 կետի հարցը: Չեմ կարծում, որ կորուստներ կունենանք»,- ընդգծեց Հակոբյանը:
Անդրադառնալով Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունից, թե ամեն կուսակցություն իր Սերժ Սագսյանն ունի և ձգտում է իշխանության, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ «Ժառանգություն»ն իր Սերժ Սարգսյանը չունի և իր առաջև դրած խնդիրներն անձի շահերով չի սահմանափակվում:
«Իշխանության ներկայացուցիչները մեզ սխալ են հասկացել, մենք ոչ թե դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, այլ ասում ենք, որ չեք հավատում իրենց բարեփոխումներին: Ինչպես կարելի է հավատալ մի կուսակցության, որն անտեսում է ներկա սահմանադրության բոլոր կետերը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ եռյակը հանրահավաքից հետո նստացույց սկսի, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է, և եռյակի մոտ շատ հարցեր այս պահին քննարկման փուլում են: