“Ժառանգության” անդամները քարոզարշավի շրջանակներում, ապրիլի 30-ին, եղել են Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում, Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում եւ Մասիսում: Ընտրողների հետ հանդիպումներին մասնակցել են “Ժառանգության” միասնական ցուցակի ներկայացուցիչներ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մանկավարժ, նախկին քաղբանտարկյան Հովհաննես Ղազարյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը, Սուսաննա Մուրադյանը եւ այլոք:
Իր խոսքում Րաֆիի Հովհաննիսյանն ասել է. “Անունները կարեւոր չեն՝ Սերժ, Ռոբերտ, Լեւոն, թե Րաֆֆի: Կարեւորն այն է, ինչ մեր ժողովուրդն է ուզում՝ մնալ անցյալո՞ւմ, թե՞ գնալ դեպի ապագա”: “Ընտրություններին մնացել է մի քանի օր եւ ՀՀ քաղաքացիների զգալի մեծամասնությունն արդեն կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունն է “Ժառանգությունը”, – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
“Ներկա կոալիցիոն իշխանությունը ձախողել է տնտեսության, դատաիրավական եւ սոցիալական համակարգի, արդյունաբերության գործունեությունը, որի պատճառով տեղի է ունենում մեծ արտագաղթ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը կարող է հանգեցնել ՀՀ հայաթափմանըե”, – իր հերթին նշել է “Ժառանգության” անդամ Սուսաննա Մուրադյանը եւ հորդորել ընտրողներին “չհավատալ իշխանությունների սին խոստումներին եւ ընտրությունը կատարել հոգու թելադրանքով”: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել է. “Մենք չենք թողնի ձեզ այն քսան տարիների մեջ, որոնք եղել են զրկանքի, արտագաղթի, անարդարության տարիներ, թեպետ ունեցել ենք Արցախյան հաղթանակ եւ բեկում ենք մտցրել պատմության մեջ: Մենք գալիս ենք…”: