Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության արդյունքները: Նիստին, բացի հանձնաժողովի անդամներից, մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Առողջապահության ոլորտում վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների նկատմամբ:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ: