Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այն հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Ըստ նախարարի՝ օրինագծով առաջարկվում է ներդաշնակեցնել աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջները:

Պատգամավորները քննարկեցին նաև ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Պատգամավորի խոսքով, ներկայացված փաթեթի նպատակն է լրացուցիչ երաշխիքներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար: Առաջարկվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը:

Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաև կարգավորումներ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես ամրագրված է, որ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում:




Լրահոս