
Հունաստանը Մայիսի 1-ը նշում է գործադուլներով ու տնտեսական կոշտ քաղաքականության դեմ ցույցերով: Հիշեցնենք, որ Հունաստանը նման քաղաքականություն է իրականացնում ԵՄ-ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահանջով` վարկերի դիմաց: Մայիսի 1-ը երկրում պաշտոնապես համարվում է ազգային տոն, այդ իսկ պատճառով այսօր երկրում չեն աշխատում պետական հաստատությունները, մասնավոր սեփականությունների մեծ մասը: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը: 24-ժամյա գործադուլի հեղինակը Հունաստանի երկաթուղային ճանապարհների կազմակերպությունն է, որի հետևանքով մեկ օրով դադարեցվել է բոլոր ուղևորատարների ու բեռնափոխադրողների աշխատանքը: Առավոտյան 4-ժամյա գործադուլ են իրականացրել հույն նավաստիները, սակայն 24-ժամյա գործադուլի պատճառով շատ նավեր այդպես էլ ծով դուրս չեն գա: Չի աշխատում նաև մետրոն՝ Աթենքի միջազգային օդանավակայանից մինչև Աթենք: Խոշորագույն արհմիությունները մտադիր են ցույցեր անցկացնել Աթենքի կենտրոնում, Սալոնիկում ու երկրի մյուս քաղաքներում: