Ինչ-որ մեկին դատված տեսնելով` վիշտս չի թեթևանա. ինքնասպան եղած զինվորի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի ծնողները դեռևս այն համոզմանն են, որ իրենց որդուն ինքնասպանության հասցնել հեշտությամբ չէին կարող:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Հարությունյանների հարևանուհին` Լենան,  Սամվելի ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչ կարող էր անել կամ ասել իրենց որդու զառայակից ընկերը, ինչը Սամվելին ինքնասպանության կդրդեր:

«Սամվելի հայրը` Սեյրանը, ևս զինվորական է, լավ գիտի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բանակում, զինվորների միջև, բայց նաև լավ ճանաչում է որդուն, ով թեթև պատճառներից նման քայլի չէր գնա: Նրա ինքնասիրությանը ոչ ոք չէր կարող դիպչել: Բոլորս էլ համոզված ենք, որ շատ լուրջ բան է եղել, որ բանը դրան է հասել: Մայրն էլ` Լիլյան, անընդհատ ասում է` «քննությունը ոչ մի բան էլ չի փոխի, ում էլ դատեն, ինչ էլ անեն, մեկ է` տղաս չկա: Ինչ-որ մեկին դատված տեսնելով` վիշտս չի թեթևանալու»,- ցավով նշեց ինքնասպան եղած զինծառայողի հարևանուհին` հավելելով, որ դեպքից հետո որդեկորույս ընտանիքին այցելած Պաշտպանբության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Ի դեպ, նշենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորված շարքային զինծառայող Վարդան Դավթյանի պաշտպան Արմեն Ադամյանը հայտնել էր, որ եթե սերժանտներից մեկը բարեխիղճ լիներ և ավելի վաղ արձագանքեր, բանը ներկայիս վիճակին չէր հասնի:

Նշենք, որ ավելի վաղ Armlur.am-ին լուրեր էին հասել, որ Սամվելը մահից առաջ նամակ է թողել, սակայն լուրի հավաստիությունը ճշտել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/:

Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տաթև Հարությունյան




Լրահոս