
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուղղված լինելու մասին հայտարարությունները նվաստացուցիչ են ռուսաստանյան քաղաքացիների համար:
Ինչպես հայտնում է BBC-ին, այս մասին նա նշել է Բեռլինում կայացած «Բաց Ռուսաստան» ֆորումի ժամանակ:
Գործարարի խոսքով, միանգամայն թույլատրելի է պատժամիջոցներ սահմանել այն մարդկանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք «թալանում են ռուսաստանյան հասարակությունը», «խիստ սխալ են պահում իրենց», սակայն ընտրվում են միանգամայն այլ ձևակերպումներ:
«Նման ձևակերպումները ռուսաստանյան հասարակության համար կլինեին հաճելի և ընդունելի: Ես կարծում եմ, որ այստեղ լուրջ սխալ է թույլ տրվել», – նշել է Խոդորկովսկին:
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի միջև նորմալ համագործակցության վերականգնման հույս ունի, որոնք կհիմնվեն «եվրոպական արժեքների վրա»:
Բանավեճի սկզբում Խոդորկովսկին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «արաթնացրել է ազգային շովինիզմի գազանին»: