Ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որով անդրադառնում է դպրոցաշինության խնդիրներին:
«ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ քաղաքաշինության գործող նախարարը զեկուցում էր որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգելու մասին, Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Զաքարյանը շատ իրավացիորեն ներկայացրեց այն փաստը, որ 2005 թվականից մինչ օրս պետական բյուջեով շարունակաբար հիմնանորոգվում են նույն դպրոցները, որ այդ գործընթացի արդյունավետությունը շատ կասկածելի է, որովհետև հիմնանորոգումը տևում է 7-8 տարի և այդ ընթացքում շենքը կրկին դառնում է վթարային:
Այս փաստի մասին արձանագրված է ՎՊ-ի 2013թ. հաշվետվության մեջ: ՎՊ նախագահը շարունակեց, որ հիմնանորոգվող դպրոցները նույնիսկ սեյսմակայունության փորձաքննության չեն ենթարկվել:
Վարչապետը խիստ զարմացավ, թե ինչպե՞ս կարող է դպրոց հիմնանորոգվել՝ առանց շենքի սեյսմակայունությունը փորձաքննելու: Գուցե Վարչապետն էլի ինչ-որ փաստերի վրա զարմացավ, սակայն հեռուստառեպորտաժներում դա չերևաց:
Ասելիքս այն է, որ 2008-ից սկսած ԱԺ-ի ամբիոնից այս ոլորտի վերաբերյալ բազմաթիվ փաստեր եմ ներկայացրել, դրանք հնչեցրել եմ Ազգային ժողովի ամբիոնից որպես հայտարարություն, որպես կառավարությանն ուղղված գրավոր և բանավոր հարցեր և որոնք լսել է Ազգային ժողովի նախագահ պարոն Աբրահամյանն ու ոչ մի անգամ չի ասել. «Այ կառավարություն, էս Բախշյանն ի՞նչ է ասում, այդպե՞ս է, թե՞ սուտ է խոսում»: Փաստ է, որ ականջի ծայրով է լսել, որովհետև ընդդիմությունն էր դա ասում, իսկ եթե ժամանակին ամբողջ ականջով լսեր ու հետևողականորեն քննարկում պահանջեր, ապա այսօր որպես ՀՀ վարչապետ, զարմանալու ավելի քիչ առիթներ կունենար և ոլորտն ավելի արդյունավետ կաշխատեր: Իսկ ոլորտի վերաբերյալ այնքան խայտառակ թվեր, փաստեր ու փաստաթղթեր ունեմ հավաքած, որոնք այսօր էլ արդիական են և եթե պարոն Աբրահամյանը շահագրգռված է, պատրաստ եմ տրամադրել թե՛ վարչապետի վերահսկողության բաժնի պաշտոնյաներին, թե՛ դատախազությանը: Դրանք կօգնեն ոլորտում տիրող կոռուպցիոն երևույթները բացահայտել և գուցե օգնեն արագացնել կրթական օբյեկտների հիմնանորոգումները, որոնց վրա հսկայական անարդյունավետ գումարներ են ծախսվում ինչպես պետական բյուջեից, այնպես էլ վարկային միջոցներից:
Միայն մեկ օրինակ, դեռևս 2012թ. գործող քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի ստորագրությամբ (ԲՀԿ-ից կոալիցիոն գործընկեր) 16.02.12թ.-ին ինձ է տրամադրվել 2005-2012 թվականների ՀՀ պետական բյուջեներով ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շարունակական կրթական օբյեկտների ցանկ, որտեղ ներառված 97 ուսումնական հաստատություններում շարունակական հիմնանորոգումները սկսել են 2006-ին և շարունակվելու են մինչև 2015թ. այն դեպքում, երբ նույն գործող նախարար պարոն Վարդանյանը 04.02.2009թ. նամակով ինձ հայտնել էր, որ. «ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախատեսում է 2010 թվականի ցանկում ընդգրկել միայն նախկինում չվերանորոգված դպրոցները»: Նման շատ հակասական պաշտոնական նամակներ ունեմ ձեռքիս տակ, որոնք փաստում են, որ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում:
Էսպես ո՞նց կարել է շարունակել, չի՛ կարելի, լսե՛ք վերջապես:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ»