«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, օրերս մարզպետարանում ժողով է հրավիրել ու հայտարարել, որ իրենք սատարում են ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Քոչարյանին: Նույն աղբյուրից տեղեկացանք, որ Կովալը հայտարարել է, թե իրենք, ինչպես Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ են աշխատել ՀՀԿ-ի համար, այդպես էլ հիմա պետք է աշխատեն ԲՀԿ-ի համար: ԲՀԿ-ական երիտասարդը պետք է հաղթի:
Փորձեցիքն այս տեղեկությունը ճշտել Շահգալդյանից: Վերջինս ասաց. «Ես իմ բոլոր որոշումներում ազատ եմ եւ ինչ որոշում ուզում եմ, կայացնում եմ: Եւ քանի դեռ «Ժողովուրդ» թերթը մեր հանրությանը ոչ օբյեկտիվ լրատվություն է տարածում, ես ձեր թերթի հարցերին չեմ պատասխանելու, բացե՛ք ձեր թերթն ու տեսե՛ք, որ շատ հստակ տրամադրված եք իմ դեմ, եւ, բնականաբար, ես ձեր թերթի հետ չեմ ուզում առնչվեմ»: Իր ոչ դրական կարծիքը մեր թերթի մասին հայտնելուց հետո Կովալենկո Շահգալդյանն, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել մեր հարցերին: ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը ԲՀԿ թեկնածուին պաշտպանելու իր որոշումն այսպես բացատրեց. «Ես այսօր ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ամսի 8-ից արձակուրդի մեջ եմ մինչեւ մայիսի 4-ը, դրա համար ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ կառավարության կայքը, որտեղ նշված է, որ մարզպետին արձակուրդ է տրված: Բնականաբար, իմ ցանկությունն է, թե ես ում կընտրեմ»:
Իհարկե, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արձակուրդ գնալ, բայց խնդիրն այն է, որ Շահգալդյանն արձակուրդ է գնացել միայն դե յուրե: Դե ֆակտո նա գրեթե ամեն օր աշխատանքի է գնում, իր աշխատասենյակից է կուսակցական հրահանգներ տալիս: Ավելին, Դավիթ Քոչարյանին սատարելու հայտարարությունն արել է հենց մարզպետարանում հրավիրված ժողովի ընթացքում: Մի խոսքով, Կովալենկո Շահգալդյանն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հաղթանակը: Նրա համար բոլորն ընդունելի են` բացի Միքայելյանից:
Ի դեպ, armlur.am կայքում տեղադրված է տեսահոլովակ, որտեղ Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի բնակիչներից մեկն ասում է. «Մարզպետը մեր գյուղում ասել է` էս են մեր պայմանները, ուզում եք` մնացե՛ք, չէ` գնացե՛ք»: Ինչպես երեւում է, նա լավ է սերտել իր կուսակցության առաջնորդներից Տիգրան Սարգսյանի «դասերը», որը եւս կարծում էր, որ կրիտիկական զանգված չհավաքվելու համար ավելի լավ է` մարդիկ արտագաղթեն: Ու այսքանից հետո Սերժ Սարգսյանը հորդորում է հավատալ. ո՞ւմ` Կովալենկո Շահգալդյանի՞ն, Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Տիգրան Սարգսյանին:
ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ, ԱԶԱՏ ԱՐԳԱՄԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ