Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանի հարազատները պատրաստվում էին նամակ-խնդրանքով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս օժանդակեր արդար վճռի կայացմանը:
Armlur.am-ի հետ զրույցում Էդիկի քույրը` Էլմիրան, հայտնեց, որ վաղը նամակն արդեն կփոխանցեն:
«Էդիկի պաշտպանը մեզ օգնեց նամակ կազմելու հարցում, և այն պատրաստ է: Վաղը ևեթ կհանձնենք: Իրականում դրա հետ մեծ հույսեր ենք կապում: Հուսով ենք` նախագահը որևէ կերպ կարձագանքի, և խեղճ երեխաները վերջապես կկարողանան հանգիստ ապրել: Թե չէ ի՞նչ է կատարվում. ինչպ՞ես կարող են էրեխեքին այս վիճակի մեջ գցել, մանավանդ այն դեպքում, երբ նրանք ցանկացել են ընտանիք կազմել: Թեկուզև աղջիկն անչափահաս է եղել. նախ մեր ավանդույթի համաձայն` դա թույլատրվում է, հետո էլ` նրա կամքով է եղել, բռնի ոչինչ չի եղել»,- վստահեցրեց դատապարտյալի քույրը:
Աղջկա կամքով նրան փախցնելու համար 4 տարով դատապարտված եզդին այս պահին գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում և ուշ-ուշ է կարողանում կապ հաստատել հարսնացուի հետ:
Ինչևէ, որքանով է արդարացի նման հանգամանքներում աղջիկ փախցնելու համար մեղադրական դատավճիռը, դատարանն ինքն է որոշում, սակայն բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ որևէ պատիժ այդ քայլի համար մարդիկ չեն ստացել:
Նշվածի վառ օրինակներից մեկն է մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ընկերների նախնական պայմանավորվածությամբ աղջկա կամքին հակառակ փախցնելու դեպքը, երբ նախքան դատավճռի կայացնելը, երիտասարդ աղջիկը հայտնել էր, որ որևէ գանգատ կամ բողոք չունի, և դատարանն ազատ է արձակել երիտասարդներին:
Ցավալի է, որ 21-րդ դարում Հայաստանում դեռևս գործում է «աղջիկ փախցնելու» նահապետական արատավոր սովորույթը: Առանց հարցնելու աղջկա կամքը՝ փորձում են նրան իրենց կյանքի ուղեկիցը դարձնել, այդուհանդերձ, դատարանը գրեթե նույն դրվագներով տարբեր գործերի առումով տարբեր վճիռներ կայացնելիս, բնականաբար, կարևորում է ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցչի համաձայնության բացակայությունը, այլև նրա չափահաս կամ անչափահաս լինելու հանգամանքը: