ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎՐԻՊԱԿ
«Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում, որպեսզի այդ տեղերը լրացնենք»,-անդրադառնալով տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը հանրապետականներին տալու մասին լուրերին` ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ  խոսքը 1930 տեղերից ընդամենը մի քանի տասնյակ տեղ զիջելու մասին է. «Կոնկրետ չեմ կարող ասել, կարող ա նույնիսկ 50-ն էլ լինի, որը, կարծում եմ, մեծ թիվ չէ: Կարծում եմ, որ դա ընդամենը մատի փաթաթան է, քանի որ մեր աշխատող օպերատորը տեխնիկական վրիպակ է թույլ տվել, որի պատճառով մեր անձինք դուրս են մնացել»:

ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
«ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը հաջողություն եմ մաղթում: Նրանց միջեւ ակնհայտ համագործակցությունը բոլորն են տեսնում, դրա մասին անգամ իրենք են բարձրաձայնում, այնպես որ չեմ կարծում, որ ես նոր դա պետք է բացահայտեմ»,-Henaran.am-ին  ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` գնահատական տալով կոալիցիոն ԲՀԿ-ի եւ ռադիկալ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ «ֆլիրտին»: Մարտիրոսյանը նաեւ շեշտել է, որ  ԲՀԿ-ն պաշտոնապես մնում է որպես իշխանություն եւ կոալիցիայի մաս, քանի որ կա կոալիցիոն հուշագիր, որը գործելու է մինչեւ 2013թ-ը, ոչ թե 2012թ-ը:

9 ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Ապրիլի 26-ին` ժամը 18-ին, ավարտվեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ինքնաբացարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում համամասնական ընտրակարգով ինքնաբացարկ են հայտնել 9 թեկնածուներ:

ԱՀԱԶԱՆԳ
Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանն Արաբկիրի ընտրողներին պատրաստվում է գումար բաժանել ընտրություններից մի քանի օր առաջ: Այդ մասին հայտարարել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, նույն ընտրատարածքում առաջադրված Սաթիկ Սեյրանյանը: Նրա խոսքով` Արտակ Սարգսյանը Եղվարդից խումբ է բերում, որ վերահսկեն այդ գործընթացը:

ԻՆՔՆԱԳՈՀ
«Մեր ցուցակում առնվազն երեք նախկին վարչապետ, ԱԺ երեք նախկին նախագահ, Երեւանի վեց նախկին քաղաքապետ կա: Մենք նման փորձառություն ունենք` չհաշված մեր երիտասարդ ուժերին, որոնց նայում, հիանում եմ, որոնց միայն որոշակի փորձն է պակասում, այն էլ ձեռք կբերեն: Դե թող մյուսները ասեն»,-գնահատելով ՀՀԿ համամասնական ցուցակը` իր հիացմունքն է հայտնել դրա անցողիկ տեղում հանգրվանած Խոսրով Հարությունյանը:

2 ՎԻՐԱՎՈՐ
Ապրիլի 24-ին ԼՂՀ արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական կողմը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ  զինծառայողներ Անդրանիկ Գեւորգի Մադոյանը եւ Էռնեստ Միքայելի Սարգսյանը:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ` ՔԱՐՈԶԻՉ
Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասված է «Մեծարգո՛ պարոն Ոստիկանապետ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության եւբարեկրթության բոլոր սահմանները եւ ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը Արթիկի տարածաշրջանում: Վերջինս Ձեր կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, սակայն շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ-ի եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար»:




Լրահոս