Ծառուկյանը մի քանի «ճակատով» ակտիվացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով ոչ իշխանական կամ, այսպես ասած, այլընտրանքային դաշտում տեղավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերից, Գագիկ Ծառուկյանը որոշել է լրջորեն պատրաստվել «թեժ աշնանը»՝ նախագահի ընրություններին անձամբ կամ ուրիշի դեմքով մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրեր առաջ Ծառուկյանն իր մի քանի հավատարիմների հետ երկար ժամանակ խորհրդակցություն է անցկացրել:

Այն, որ ԲՀԿ նախագահն իր թիմակիցների հետ խոսելու շատ բան ուներ, միանշանակ է: Ի վերջո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Սահմանադրության փոփոխություններին սեփական տարբերակի ներկայացմամբ մասնակցելու պատճառաբանությամբ հրաժարվեց քայլել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության հետ նույն ճանապարհով: Թեեւ մյուս կողմից՝ չի բացառվում, որ ԱՖԿ «Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի դատապարտելուց հետո 124-ամյա կուսակցությունը հասկացավ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու շանսերն առավել փոքրացան եւ հանուն Գագիկ Ծառուկյանի նախագահական նկրտումների, չարժե կանգնել ԲՀԿ-ի կողքին: Դրա համար էլ որոշեցին մի կողմ քաշվել:

Իսկ ի՞նչ են  քննարկել ԲՀԿ-ականները Ծառուկյանի հետ: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ մի շարք կուսակցականներից, սակայն նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին: Մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է: Նրանք մի շարք մարտավարական հարցեր են քննարկել՝ բազմակոմբինացիոն քայլեր իրականացնելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի անուղղակի ֆինանսավորմամբ ազատամարտիկների մասնակցությամբ միաժամանակ երկու կառույցներ են ստեղծվում: Շաբաթ օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կայացավ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը: Անկախության օրն էլ մյուս ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի մասնակցությամբ եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի նախագահությամբ ստեղծված «Ազատամարտի նվիրյալներ» հկ-ն էր Եռաբլուր այցելել: Այս միությունն արդեն ահագին «բարգավաճել է» եւ սկսել ոչ միայն մարզային հանդիպումները, այլեւ էլեկտրոնային կայք է բացել: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլերով ազատամարտիկներին տրոհում է, որը դժվար թե որեւէ լավ բանի հանգեցնի: Բայց մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ ԵԿՄ-ն սերտաճել է իշխանության հետ ու թույլ է տվել այս իրավիճակի ձեւավորմանը:

Բայց, ինչպես նշեցինք, Ծառուկյանի արշավը միայն այս ուղղությամբ չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա նաեւ մի շարք քաղաքական ուժերի ու գործիչներ է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի անհրաժեշտ վճռական պահին նրանք կատարեն հենց ԲՀԿ առաջնորդի հրահանգները: Պարզվում է՝ այդպիսիք քիչ չեն:
Եվ այս ամենին զուգահետ, բնականաբար, Ծառուկյանը մեծ հատկացում է արել քարոզչությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդի կողմից անուղղակի կերպով մի շարք լրատվամիջոցներ են ֆինանսավորվում: Շատ «խայտաբղետ» անուններով էլեկտրոնային կայքեր են սկսել ի հայտ գալ կամ «վերակենդանանալ», որոնք եւս ծառայելու են ԲՀԿ-ի քարոզչությանը: Նրանք ակտիվորեն զբաղված են, օրինակ, ԲՀԿ երիտասարդական թեւի գործունեության լուսաբանմամբ՝ ներկայացնելով, թե քանի երիտասարդներ են կուսակցական դարձել եւ ինչքան է Ծառուկյանը կարեւորում երիտասարդների հետ համագործակցությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե ի՞նչ նպատակով են սկսել նոր լրատվամիջոցներ հիմնել կամ ֆինանսավորել գործող լրատվամիջոցներին: «Մենք բազմաթիվ նման առաջարկներ ունենում ենք՝ հովանավորել լրատվական միջոցների գործունեությունը, բայց հրաժարվում ենք: Նման բան չկա, մենք չենք հովանավորում ԶԼՄ-ի աշխատանքը»,- պատասխանեց Ի. Տոնոյանը:

Մեր մյուս հարցին, թե ինչ գործընթացների է պատրաստվում ԲՀԿ-ն, որի համար մեծ ֆինանսներ է հատկացրել. ճի՞շտ են լուրերը, որ Ծառուկյանը ցանկանում է նախագահ դառնալ՝ պարաստվելով նախագահական արշավի, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ ամառային համեմատաբար հանգիստ գործունեությանը հաջորդելու է ավելի ակտիվ գործունեություն: Որեւէ շեշտակի փոփոխություն, որի համար նախատեսված է լուրջ ֆինանսավորում, չկա, այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս