Բավական երկար ժամանակ է, ինչ ֆուտբոլային աշխարհն ուշիուշով հետեւում է աշխարհի թերեւս ամենամեծ սպորտային ինտրիգներից մեկին` Մադրիդի «Ռեալ»-ի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի անչափ հետաքրքիր դիմակայությանը: Ֆուտբոլային այս գերակումբների հանդիպումներն իսկական իրարանցում են առաջացնում ողջ աշխարհում: Սուպերկլասիկո կոչվող այս հանդիպումների ընթացքում շատ բուռն են քննարկումները նաեւ ֆեյսբուքյան հայկական տիրույթում, որտեղ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, կան «Ռեալ»-ի եւ «Բարսելոնա»-ի բավական մեծ թվով երկրպագուներ:
Ապրիլի 24-ին եւ 25-ին տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2011-12թթ. խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում, ի «դժբախտություն» «Ռեալ»-ի եւ «Բարսելոնա»-ի երկրպագուների, երկու թիմերն էլ դուրս մնացին հետագա պայքարից, ու եզրափակիչ դուրս եկան անգլիական «Չելսի»-ն ու գերմանական «Բավարիա»-ն: Ներկայացնում ենք դրվագներ երկու օրերի ֆեյսբուքյան քննարկումներից:
Գրիգոր Ամիրյանը գրում է. «Իրականում տեսաք չէ՞ ինչ եղավ… Ռեալն ու Բարսան էնքան են տարված իրար դեմ խաղերով, որ ամբողջովին ուժերն ու նյարդերը ծախսում են էտ խաղերի վրա` չթողնելով թարմություն նման խաղերի համար, իրար դեմ էնքան են լարվել, որ ուժերը չեն պահում ավելի կարեւոր խաղերի համար… Ռեալի մասին էլ փիս բաներ չեմ գրում ի հեճուկս երեկվա հրճվանքի ))», Գեղամ Նազարյանն էլ, ամենայն հավանականությամբ միտինգներին ընդառաջ «մարդահավաքը» նկատի ունենալով, նկատում է. «Մեր տեղեկություններով Բարսելոնայի քաղաքապետարանը դպրոցներին հրահանգել ա ուսուցիչներին ու աշակերտներին բերել մարզադաշտ», օգտատեր Արաքս Մարությանն էլ նշում. «Ինչպես Բարսայի ֆաներին արդեն ասել էի, հիմա էլ Ռեալի ֆաներին եմ ասում` НИЧЕГО ЛИЧНОГО, ПРОСТО АЗАРТ!!! Я за Баварию !!!!!!!!!!!!!!!!!!!!!! :))))))))))»: Հետաքրքիրն այն է, որ այս օգտատերն ավելի վաղ «կանխատեսել» էր. «Եթե վաղը Բավարիան դուրս գա եզրափակիչ, կստացվի, որ ես Նոստրադամուսն եմ…)))))))))))))» (Արաքս Մարությանը չսխալվեց-խմբ.):
«Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումից հետո օգտատեր Տիգրան Քոչարյանը կատակով գրում է. «Չելսիի սաղ թիմին կարելի ա նախագահական ախրանա տանել, սկի ճանճ մեջներով չի անցնի:)», իսկ Արթուր Արսենովիչ անունով օգտատերը գրում է. «Ցավում եմ միայն Մոուրինիոյի համար. Աշխարհի լավագույն մարզիչն է: Կեցցե Չելսին, կեցցե Բավարիան, իսկ Ռոնալդոյին եւ Մեսսիին կմաղթեի, որ 11 մետրանոց իրացնել սովորեին»: Ավետիք Ավետյան անունով օգտատերն էլ, անդրադառնալով «Ռեալ»-ի եւ «Բավարիա»-ի դիմակայությանը, նշում է. «Պետք է արժանին մատուցել երկու ակումբներին էլ, հավասարազոր թիմեր էին»:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵԺ ԿՐՔԵՐ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ