ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական կուսակցություններն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները շարունակում են իրենց հանդիպումներն ընտրողների հետ,  ներկայացնում երկրի զարգացման, տնտեսական, սոցիալական առաջընթացի  ապահովման սեփական ծրագրերը: Հանրապետության երկրորդ քաղաքում եւս նրանք բավականին ակտիվ են, միայն թե փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները չեն դադարում: ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 34 ԸԸՀ-ում առաջադրված թեկնածու Մուրադ Գրիգորյանի պնդմամբ` անհավասար մրցակցություն է ընթանում. իշխանական թեւն օգտագործում է վարչական, ֆինանսական, կրիմինալ բոլոր հնարավոր ռեսուրսները` ցանկալի արդյունքի հասնելու համար: «Քաղաքակիրթ քարոզչություն` որպես այդպիսին, գրեթե չկա: Փոխադարձ մեղադրանքներ են անձնական հարաբերությունների ֆոնի վրա»,-ասում է կոնգրեսականը:  
«Կառավարության բոլոր անդամները կամ աշխատակիցները գործուղված են այս կամ այն մարզեր: Բացի այդ, ակնհայտ է, դա ես չպետք է ասեմ, որ ընտրակաշառք բաժանվում է կոալիցիոն ուժերի կողմից»,-շեշտում է ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը: Կոալիցիոն ուժերը, սակայն, այս գնահատականների հետ համամիտ չեն: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, երբ խոսք է լինում ընտրակաշառքների մասին, դարձյալ հիշում է ջեմով, մուրաբայով, գլխաշորով տոպրակների  գոյությունը եւ բարձրաձայնում, որ դրանց դիմաց քվե չեն ակնկալել: Նվիրել են իրենց կուսակիցներին, հետեւաբար կոռեկտ չի համարում պատգամավորության մյուս թեկնածուների խոսքերն այն մասին, որ  անհավասար մրցակցություն է ընթանում: «Դա մեր ներքին խնդիրն է, մեր կուսակցության խնդիրն է եւ իմ պատկերացումներով ցանկացած կուսակցություն ունի իր ռազմավարությունը, մարտավարությունը»,-ասում է նա:
ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանն էլ, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց հանրահավաքները, պնդում է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Փորձում են տարբեր տեղեր տարբեր բաներ խոսել, ասում են նաեւ, որ մենք ահաբեկված ենք: Ես չգիտեմ` ինչից կամ ումից ենք ահաբեկված: Ինձ համար անհասկանալի է, եթե իրենց հետեւից գնացող չկա, ինչի՞ են փորձում էդ ամեն ինչը նորից կապել իշխանության հետ»:
Թիվ 34 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ում անվան եւ շրջապատի հետ կապեցին վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները (թաղային հեղինակությունների ծեծկռտուք, քաղաքապետի դստեր նշանածի սպանություն), եւս բարձրաձայնում է ոչ կոռեկտ քարոզարշավի մասին: «Սա արդեն չափից անցնել է, այս պահվածքով հատում  են անբարոյականության շեմը: Մինչեւ ընտրությունները սկսելը նպատակային հարձակվում են իմ անձի վրա` լրատվամիջոցներով, թերթերով: Փորձում են ինձ կապել կրիմինալի հետ, վարկաբեկել իմ անձը: Էս ամեն ինչը սարքովի է»,-ասում է Մարտուն Գրիգորյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս