ԲՐՅՈՒՍՈՎԻ «ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆՆ» ԵՐԵՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը, ում նախկին ռեկտոր Զոլյանն այդպես էլ թույլ չի տվել մտնել իր աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը ԵՊԼՀ-ում վերջին շրջանում կատարվող իրադարձությունների շուրջ փորձեց զրուցել Գայանե Գասպարյանի հետ:
«Ինձանից առաջ որեւէ պաշտոնակատար չի նշանակվել: Պարոն Զոլյանի հեռացումից հետո ռեկտորի պարտականությունները դրվեցին պրոռեկտոր Բալայանի վրա, մինչեւ իմ` պաշտոնակատար նշանակվելը»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց նա:
Հարցին, թե նշանակվելուց հետո բուհում ինչ փոփոխություններ կիրականացնի, տիկին Գասպարյանը պատասխանեց. «Ես ընդամենը պաշտոնակատար եմ, դեռ ոչ մի բան փոխել չեմ պատրաստվում: Երբ կգա նոր ռեկտորը, թող նա էլ փոփոխությունների մասին մտածի»: Տիկին Գասպարյանը չի պատրաստվում նաեւ «խաղաղեցնել» ուսանողներին, քանի որ համարում է, որ ապրելով ազատ, անկախ երկրում` յուրաքանչյուրի իրավունքն է բողոքել եւ իր խոսքն առաջ տանել. «Իրենք կուզեն հանդիպել, ես անպայման կհանդիպեմ, բայց հանդարտեցնել չեմ պատրաստվում: Եթե կհասկանան, թող հասկանան, եթե ոչ, ապա դա իրենց գործն է: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
 Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից տեղեկացանք, որ ուսանողները դասադուլ չեն արել. «Դասերը իրենց նորմալ հունով ընթանում են: Մի քանի հոգի կային, որ այսօր չեն եկել: Մոտ 3000-4000 ուսանողների թվում 50 ուսանողի դասադուլը դասադուլ չէ: Դասադուլը կլինի այն ժամանակ, երբ ամբողջ ուսանողությունը դասի չի գա»:
Երեկ տեղեկացանք, որ բուհում պետք է գիտխորհրդի նիստ գումարվեր, որը, սակայն, տապալվել է: Նշվում է, որ նիստը տապալել է ռեկտորի ԺՊ-ն: Ինչո՞ւ: «Դա պետք է լիներ գիտխորհրդի արտահերթ նիստ: Նշանակվելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ի պաշտոնե դառնում եմ գիտխորհրդի նախագահ: Եւ քանի դեռ հունի մեջ չեմ գցել իմ աշխատանքը, չեմ կարող ո՛չ ռեկտորատի, ո՛չ էլ գիտխորհրդի նիստ անցկացնել, առավել եւս, որ մեր երկու պրոռեկտորները հիվանդ են»,-ասաց տիկին Գասպարյանը:
Նրա խոսքերով` ինքը նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ միշտ եղել է «շատ նորմալ, բարյացակամ հարաբերությունների մեջ»: «Ես այսօր մտածում եմ, որ ավելի լավ էր` ներսից մեկը լիներ այս նեղ եւ դժվար վիճակում, որպեսզի բուհը հաներ այս խառը վիճակից, քան դրսից որեւէ մեկը գար»,-նկատեց նա` ավելացնելով, որ ինքը երբեւէ չի ձգտել այդ պաշտոնին:
«Ժողովուրդ»-ը խոսեց նաեւ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանից դժգոհող դասախոսների հետ, որոնք երեկ հանդես են եկել նախաձեռնությամբ` բարձրաձայնել 15 տարվա ընթացքում ունեցած իրենց խնդիրները. «Մեր կրթվածության մակարդակն այսքան ժամանակ թույլ չէր տալիս, կոպիտ ասած, կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնել: Մեր լռությունը չարաշահում էին եւ շահարկում ի վնաս մեր բուհի կերպարի, նաեւ ուսանողների, որոնք այսօր դարձել են գործիք որոշ մարդկանց անձնական նկատառումների եւ ամբիցիաների իրականացման գործում: Նրանց շրջանում կատարվում են ընդհատակյա բեմադրություններ: Այդ շոուն իրականում Զոլյանն է բեմադրում»:
«Մեզ մոտ խնդիրը հետեւյալն է, քանի որ Զոլյանն այլեւս չունի օրինական իրավասություններ, նա փորձում է տարբեր շահարկումների միջոցով ուսանողների մեջ տարածել, որ համալսարանը փակվելու է, լուծարվելու է կամ միանալու է Մանկավարժական համալսարանին: Ուսանողներին չի հետաքրքրում բովանդակային կողմը, նրանց ավելի շատ հետաքրքրում է պրիստիժը»,-մեզ հետ զրույցում հայտարարեց ԵՊԼՀ-ի բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Սեդա Սոխիկյանը` բացահայտելով, թե ինչու են դասախոսները ընդվզում:
Նրա համոզմամբ` դասախոսական անձնակազմի 90 տոկոսը չի ցանկանում աշխատել պարոն Զոլյանի հետ, որովհետեւ 15 տարի շարունակ բուհում անառողջ մթնոլորտ է եղել: Հարցին, թե ինչպես  ստացվեց, որ հիմա են բարձրաձայնում են իրենց խնդիրները, դասախոսը պատասխանեց. «Բավականին երկար սպասեցինք եւ էլի չէինք բարձրաձայնի, եթե չզգայինք, որ նա անցնում է բարեկրթության բոլոր սահմանները: Մենք հետաքրքրված ենք համագործակցել մեր այսօրվա ռեկտորի պաշտոնակատարի հետ եւ անհամբերությամբ սպասում ենք բուհում խաղաղության հաստատմանը»:
Դասախոսներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ակտիվիստներից մի աղջիկ մոտեցել է իրենց եւ հայտարարել, որ իր գիտակցության մեջ խառնաշփոթ է, եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Իսկ Զոլյանը գտնվում է Կալինինգրադում որպես Եվրախորհրդի փորձագետ:
Հ.Գ. ՀՀ ԿԳՆ-ն հայտարարում է բաց մրցույթ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական  ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս