ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ 3-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները երեկ Շիրակի մարզի Ազատան համայնքում էին: Նախապես պլանավորված էր ընտրողների հետ հանդիպում անցկացնել գյուղի մշակույթի տանը: Սակայն ազատանցիներից քչերն էին ցանկություն հայտնել հանդիպել Դեմկուսի առաջնորդի հետ, ուստի իմաստ չուներ քարոզարշավն անցկացնել խոշոր դահլիճում:
Ընդամենը 8 ազատանցի հարմար տեղավորվեցին մոտակա նստարաններին եւ սկսեցին լսել Արամ Սարգսյանին: Գյուղի բնակիչները պատմեցին, որ Ազատանում էլ են ջեմ բաժանել, հիմա էլ ամենուր ընտրակաշառքի մասին են խոսում: Արամ Սարգսյանը ամոթանք տվեց բաժանողներին եւ սկսեց քննադատել Հայաստանի երեք նախագահներին էլ` շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման գործում:  
Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Շիրակի մարզում հավաքել է 214 ձայն: Ազատանում Դեմկուսին ընտրել է ընդամենը 5 հոգի: Քանի որ հանդիպմանը մասնակցում էր 8 ազատանցի, ենթադրելի է, որ կուսակցության համախոհների թիվն աճել է: Արամ Սարգսյանի կարծիքով մարդաշատ հանդիպումները դեռ չեն նշանակում, որ տվյալ կուսակցության կամ  թեկնածուի վարկանիշը բարձր է. «Եթե դուք տեսնում եք, որ հազարավոր մարդիկ են մասնակցում այս կամ այն քաղաքական ուժի հանդիպումներին, դա պարտադրանք է: Երեւանից ավտոբուսներով, մի ամբողջ շքերթով գալիս են: Մենք ավելի գերադասում ենք մարդկանց հետ առանձին-առանձին խոսել»:
Կուսակցության առաջնորդը շրջեց նաեւ գյուղի մի քանի բնակարաններում եւ «ոտքի վրա» զրուցեց բնակիչների հետ ներքաղաքական անցուդարձից, երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից: Ակտիվ էին հատկապես տարեցները: Ազատանի բնակչուհի  Սիլվա Հակոբյանը նրան հորդորեց համախմբվել, որպեսզի երկրում հնարավոր լինի ինչ-որ բան փոխել: Դեմկուսի առաջնորդը չբացառեց հնարավոր միավորումները: Շեշտեց, որ եթե հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը, գաղափարական եւ ծրագրային ընդհանրություններ ունեցող ուժերի հետ համագործակցությունից չեն հրաժարվի:
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք չեն խոչընդոտել Դեմկուսի առաջնորդի քարոզարշավին, այլապես ինչպես բացատրել այդքան քիչ թվով քաղաքացիների ներկայությունը: Գյուղապետը շեշտեց, որ հանդիպման կազմակերպիչները լավ չեն աշխատել,  բացի այդ, եկել են անհարմար ժամի, երբ գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:
Նշենք, սակայն, որ կիրակի օրը` ապրիլի 29-ին, Ազատանում ընտրողների հետ հանդիպելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ հանդիպումից մի քանի օր առաջ գյուղում իսկական եռուզեռ էր: Ասֆալտապատում, հարթեցնում են Ազատանի` տարիներ շարունակ անտեսված փողոցները, փայլեցնում գյուղի արձանները, մաքրում բակերն ու փողոցները: Անշուշտ, մի քանի օր շուտ պատրաստվելով ՀՀԿ առաջնորդի այցին` ջանք չեն խնայի նաեւ լեփ-լեցուն դարձնել գյուղի մշակույթի պալատը: «Հա՛ բա, Սերժն է գալու, կմաքրեն, ամեն ինչ էլ կանեն: Հիմի գյուղն ինչքան էրեխա կա, դասատու կա, կբերեն կլցնեն դահլիճը»,-դժգոհում էին ազատանցիները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս