Քննարկվել են ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների եւ ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

ՎՊ մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Յոթերորդ վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ ՎՊ կողմից ուսումնասիրվել են մի շարք ծրագրեր եւ վերահսկողության արդյունքներով խախտումներ ու անհամապատասխանություններ են արձանագրվել հիմնականում «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերի մասով:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ վերահսկողության ընթացքում արձանագրված բոլոր խախտումների եւ թերությունների վերացման եւ հետագայում դրանց բացառման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ցուցաբերել է կառուցողական մոտեցում: Ըստ ՎՊ նախագահի՝ «Վերահսկիչ պալատ եւ վերահսկվող օբյեկտ» համագործակցության շնորհիվ բացահայտված շատ խնդիրներ վերահսկողության ընթացքում ստացել են իրենց լուծումները:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ընդունելով ներկայացված փաստերի օբյեկտիվությունը, անդրադարձել է ՎՊ բացահայտումներին եւ դպրոցներում առկա խնդիրներին:

ԱԺ պատգամավորները եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները եւս հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները: Նրանք անդրադարձել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացթողումներին, գնումների գործընթացում առկա խնդիրներին:




Լրահոս