ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի 52-ամյա բնակիչ Յուրիկ Անանյանը 1988 թվականից  ակտիվորեն մասնակցել է սահմանագոտու պաշտպանությանը, պարգեւատրվել մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով: Նրա երեք որդիները ծառայել են Հայաստանի Հանրապետության ազգային բանակում, ավագ որդին` Շավարշը` որպես պայմանագրային զինծառայող, այժմ պաշտպանում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանները: Յուրիկ Անանյանը 2006թ. ապրիլի 3-ից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 23-ը, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանել է Նոյեմբերյանի սահմանագոտին:  2010թ. սեպտեմբերի 23-ին տարիքային սահմանափակման եւ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով զորացրվել է պահեստազոր: 2010թ. նա զինվորական կենսաթոշակ ստանալու համար դիմել եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է պաշտպանության նախարարություն: ՊՆ սոցիալական վարչությունից  Նոյեմբերյանի զինկոմիսարիատ հայտնել են, որ Յուրիկ Անանյանը 2006 թվականին պայմանագրային զինծառայության է անցել օրենքի խախտումով, այդ ժամանակ  նրա տարիքը 45-ից անց է եղել: Նշված  սահմանափակումը  հաստատված  է  կառավարության 2005թ. որոշմամբ: Այդ պատճառով նրա՝ վերջին չորս տարի հինգ ամսվա զինծառայությունը զինվորական ստաժ չեն համարում: Իսկ առանց այդ չորս տարիների ստաժի, զինվորական կենսաթոշակ ստանալու համար Յու. Անանյանի ստաժը չի բավարարում: Ծառայության ընթացքում քայքայվել է Անանյանի առողջությունը, նա բազմիցս բուժում է ստացել Վանաձորի կայազորային եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կայազորային հոսպիտալներում, սակայն առողջական վիճակը չի բարելավվել: Նա կլինիկական մահ է տարել: Յու. Անանյանը վրդովված է, որ սահմանագոտու վտանգավոր պայմաններում չորս տարի հինգ ամսվա ծառայությունը զինվորական ստաժ չեն համարում, որ իր կնքած պայմանագրում տարիքային այդ սահմանափակման մասին նշում չկա: Նա տարակուսում է. «Եթե այդ ընթացքում սահմանում զոհվեի, համարելու էին, որ անօրինակա՞ն եմ զոհվել»:
Երկարամյա զինծառայողը բազմիցս դիմել է պաշտպանության նախարարություն: Ապրիլի 13-ին այս կապակցությամբ գրավոր դիմել է նաեւ ՀՀ նախագահին, որի   աշխատակազմից դիմումն ուղարկվել է պաշտպանության նախարարություն: ՊՆ սոցիալական վարչության իրավաբան Արմեն Աղաբալյանը մեզ ասաց, որ այդ խնդրով պետք է զբաղվի նույն նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը:  Յուրիկ Անանյանը շուրջ երկու տարի սպասում է: Նա ասում է, որ իր նման շատերը կան, որ տուժել են պաշտպանության նախարարության պաշտոնյաների անփութության պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս