«ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆՆ այն արտիստների թվում էր, որոնք ներկա չէին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Զրույցի ընթացքում պարզվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նրան չէին հրավիրել:
-Այդ ամենն ինձ հետաքրքիր չէ: Հայ էստրադայի կորիզի մաս կազմող իմ կոլեգաներին` Արսեն Սաֆարյանին, Զարուհի Բաբայանին, Արսեն Գրիգորյանին, երբեւիցե տեսե՞լ եք մրցանակաբաշխությանը:
-Հյուրի կարգավիճակում տեսել եմ:
-Շատ հազվադեպ: Չնայած գիտեմ, որ Զարուհուն, Արսենին Սաֆարյան, Գրիգորյան Արսենին, նաեւ ինձ հրավիրատոմս չեն ուղարկել, որ մենք գնանք, դահլիճում նստենք:
Լինելով վաստակավոր երգչուհի` Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից մի մրցանակ անգամ չունեմ: Եթե տարիներ առաջ դա չեմ ստացել իմ ավանդի ու աշխատանքի համար, հիմա ինձ դա արդեն հետաքրքիր չէ, չեմ էլ ուզում:
-Կարծիք էի լսել, որ բոյկոտել եք ու միասին որոշել չգնալ:
-Էդպիսի բան չի եղել, մենք ավելի լուրջ հարցերի դեմ կբոյկոտենք, օրինակ` «Եվրատեսիլ» գնալու դեմ ես բոյկոտել եմ այս տարի:
-Մի փաստարկ էլ էր բերվում, այն է` նշված երգիչները մասնակցում են նախընտրական քարոզարշավի համերգներին, դրա պատճառով էլ կազմակերպիչները որոշել են քաղաքականությունից զերծ մնալ ու չհրավիրել:
-Կարող է ես հարմարեցնում էի, գնում էի, իրենք ի՞նչ գիտեն` մենք որ օրը որտեղ ենք երգում: Իրենք պետք է շնորհք ունենային հրավիրեին: Անկեղծ եմ ասում, հանրապետության նախագահի կողմից վաստակավոր երգչուհու կոչում ստանալուց հետո ինձ ուրիշ մրցանակ պետք չէ: Ի վերջո, ես երբեք թույլ չեմ տվել, որ ինձ նոմինացնեն: Իմ արած աշխատանքը ես նոմինացիայի մեջ չեմ ընդունում, ես 20 տարի երգում եմ ու մեծ ավանդ ունեմ: Մասնակցել եմ միայն ամենաառաջին տարում, երբ որպես երգչուհի նոմինացված էինք ես, Վարդուհի Վարդանյանը, Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: Իսկ եթե այս նոր կատարողները ոգեւորվում են մրցանակից ու դրանից սկսում գործ անել, ես միայն ուրախ եմ: Ես ինձ այդ կարգավիճակից դուրս եմ համարում: Ինձ համար մրցանակաբաշխությունները երբեք էլ ոգեւորիչ չեն եղել, որովհետեւ ճիշտ ձեւով չեն ընթացել:
-Որքան տեղյակ եմ, կազմակերպիչ կողմերի հետ` Հանրային հեռուստաընկերություն, ՀՀ մշակույթի նախարարություն, «Շարմ» հոլդինգ, որեւէ խնդիր չունեք, իսկ չե՞ք մտածել` լավ, ինչո՞ւ չեն հրավիրել:
-Եւ դա հարց է, իսկապես, ինչո՞ւ չեն հրավիրել: Երեւի պետք է նրանց հարցնել: Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, միշտ մասնակցել եմ նրանց նախագծերին: Երեւի անփութության կամ անուշադրության հետեւանք էր, չեն մտածել, որ այդ մարդկանց պետք էր հրավիրել, նույնիսկ այն դեպքում, երբ ես ամեն անգամ չեմ գնում, իրենք պարտավոր էին հրավիրել: Նույնիսկ հեռուստացույցով երկար չնայեցի, անհետաքրքիր էր: Իմացա` ովքեր են տարվա երգիչն ու երգչուհին: Երկուսի համար էլ ուրախ եմ: Սակայն, ինչպես միշտ, մրցանակները ճիշտ ժամանակին ու ճիշտ մարդկանց չեն տալիս:
-Ուշացած մրցանակներ տալը մեզ մոտ կարծես ավանդույթ է դարձել:
-Սոնային պետք է դեռ անցած տարի տային, ինքը հաղթեց մի մրցույթում, որտեղ երբեք հայ չէր հաղթել, մեզ մոտ նրան ոչ մի մրցանակ չտվեցին: Ես լինեի նրա փոխարեն, այս տարի չէի գնա: Իսկ թե մնացածն ով ինչ մրցանակ է ստացել, չեմ էլ հետաքրքրվել: Մի բան էլ կա. այն մարդը, որը տարվա ընթացքում ավելի շատ տեսահոլովակ է նկարահանում, քան մյուսը, դեռ չի նշանակում` ինքը գործ արեց, ես ոչ, գումար է ունեցել, արել է: Ես չէի գնա, ինչ-որ մեկից փող ուզեի դրա համար, կամ ես չունե՞մ այդ գումարը:  
Անցած տարի յոթ երկրում եմ եղել, նկարել եմ «Իմ մայրիկ» տեսահոլովակը, կրկին ոչ մի արձագանք: Երբ 2008 թվականին ես արեցի իմ համերգը ու նվիրեցի մեր հայոց բանակի 16-ամյակին, որովհետեւ նախագահն էր հովանավորել, եւ նույն տարում էլ նկարվեց «Գնա՛ ու կռվի՛ր» տեսահոլովակը, որեւէ մեկի մտքով չանցավ, որ էս աղջիկը գործ է արել: Ես նաեւ չհասկացա ու վիրավորվեցի, երբ «Գնա՛ ու կռվի՛ր» տեսահոլովակս տարիներ առաջ նոմինացիաների մեջ դրեցին, ու մրցանակ էլ չստացավ: Ախր դա արցախյան հաղթանակին էր նվիրված, ու դրել էին սիրո մասին ինչ-որ տեսահոլովակների կողքին: Ես ի՞նչ ասեմ մրցանակաբաշխությանը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս