«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում տրանսպորտային արտադրամասի եւ գարաժի պետեր են հեռացվել աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրեն, ավստրալացի Նիլ Սթիվենսոնն իր նշանակման պահից աշխատավարձերի վերանայումներ է սկսել ձեռնարկությունում: Դրանք հիմնականում վերաբերում են ղեկավար անձնակազմի աշխատավարձերին եւ առաջին հերթին նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարազատներին, եղբայրներին, որոնք բարձր դիրքեր ունեին եւ բարձր աշխատավարձեր էին ստանում: Նա գործարանում աշխատավարձի վերին շեմ է սահմանել տնօրենի պայմանագրային աշխատավարձի չափը, որը կազմում է 7 մլն դրամ: Բարձր աշխատավարձերը կրճատվել են մի քանի անգամ, որպեսզի տնօրենի սահմանն անհասանելի լինի: Օրինակ, կան արտադրամասի պետեր, վարչության աշխատողներ, ովքեր 3-4 մլն դրամ էին ստանում նախկինում, իսկ այժմ վաստակում են միջինը 700 հազարից մինչեւ 1 մլն դրամ: Փոփոխություններին շունչները պահած հետեւում են կոմբինատի բանվորները, նրանք, ովքեր ստանում են 90 հազար, 100, 120 հազար դրամ աշխատավարձ:
Երկրորդ փոփոխությունը, որը քաջարանցիների ուշադրության կենտրոնում է, գլոբալ վերահաշվարկն է, որն ընթանում է գործարանում: Մեր աղբյուրները պատմում են, որ նոր տնօրինությունը նախ հիմնովին ստուգումներ է արել, եւ հայտնաբերված գումարային վատնումների, գույքի ու այլ միջոցների պակասորդի պատճառով արդեն հանքի պետ, տրանսպորտային արտադրամասի եւ գարաժի պետեր են հեռացվել աշխատանքից: Բոլորն անհամբերությամբ սպասում են նոր տնօրինության հետագա քայլերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս