Մեր թիրախը պետք է լինի խոշորը. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքներին և Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է լինելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից հետո:

Միրումյանը նախ նշեց, թե ցուցարարների բողոքներն անհիմն են, քանի որ օրենքի փոփոխությունն իրենց վնաս չի հասցնելու:

«Այդ օրենքի փոփոխմամբ զգալի հարկային բեռ է թեթևանում: Դրա փոխարեն՝ նրանք պետք է փասթաթղթերով ամրագրեն իրենց ձեռքբերումները: Դա ուղղակի հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել», – ընդգծեց նա, հավելելով, որ այս օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ հարկային մարմիններն էլ դեռ որևէ գործողություն չեն կատարել:

Վերոնշյալ հարցին անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ինքը հանդիպել է օրենքի փոփոխությունից դժգոհող մարդկանց, և հայտարարեց, որ նրանց դժգոհությունն անտեղի է:

«Կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որ մանր և միջին բիզնեսին ճնշի: Մենք այնպիսի բան չենք արել, որ այդ մարդիկ խնդիրներ ունեն: Մեր թիրախը պետք է լինի խոշորը, և մեր մարդիկ էլ են հասկանում, բայց պարզ է, որ կան հրահրողներ, որոնք անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր կառավարությունը ցանկանում է ճնշել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին», – նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր բողոքում են  հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Ակցիան բազմամարդ է, սակայն կառավարության որևէ անդամ դեռ նրանց չի մոտեցել:




Լրահոս