Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Armlur.am-ին ՔԿՎ հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ կալանավորի գտնվելու վայրը:
Գ. Ղլեչյանի փոխանցմամբ` որոնողական աշխատանքները շարունակվում են: Նշանակվել է ծառայողական քննություն, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ 59-ամյա Սուրեն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթերի կեղծում), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում` խոշոր չափերով):
Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փախուստը կալանավայրից պատժվում է ազատազրկմամբ` 3 տարի ժամկետով): Միջոցներ են ձեռնարկվում կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: