“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն մոտակա ժամանակ կսկսի Արաբկիր-Քանաքեռ վազուրդու հատվածներից մեկի ապամոնտաժումը: Մոտ 890 մետր երկարություն ունեցող հատվածը ներկա պահին չի օգտագործվում երկաթուղային հաղորդակցության համար և անցնում է “Երևան” երկաթուղային կայարանից՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երկաթուղային կամրջով՝ ավարտվելով Սարալանջի փողոցի սկզբնամասում:
“ՀԿԵ” ՓԲԸ-ն ապամոնտաժումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:
Իսկ ապամոնտաժված հատվածի ամբողջ գույքն ու նյութերն օգտագործվելու են երկաթուղու կարիքների համար: Աշխատանքների ավարտից հետո երկաթուղու այս հատվածն ու հարակից տարածքները անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվեն Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։ Այսպիսով, ՀԿԵ-ն շարունակում է ենթակառուցվածքի արդիականացման և առողջացման քաղաքականությունը, որի շրջանակներում, մասնավորապես, արդեն վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե կոճղ, վերակառուցվել են Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները: Միայն 2012 թվականի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգումը կանցնի մոտ 145,6 կմ գիծ: “ՀԿԵ” ՓԲԸ-ն հանդիսանում է “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: