Հոլիվուդյան աստղ Քիանու Ռիվզը մեծ ճանաչում է վայելում կանանց շրջանում: Սեպտեմբերի կեսերին, տարբեր օրերին դերասանի տուն են ներխուժել երկու կանայք, ովքեր ցանկանում էին սեռական կապի մեջ մտնել Ռիվզի հետ, տեղեկացնում է TMZ-ն:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին: Տուն վերադառնալով ուշ գիշեր՝ դերասանը հայտնաբերել է, որ իր գրադարանում դրված բազկաթոռին նստած է անծանոթ կին, ով կանչող հայացքով իրեն է նայում: Իր հերոսների բնավորությանը հակառակ պահվածք դրսևորելով՝ դերասանը սարսափելի վախեցել է և ոստիկանություն կանչել: Իրավապահները հաստատել են Ռիվզի համոզմունք այն մասին, որ անկոչ հյուրն իրեն տարօրինակ է պահում, և ամերիկուհուն փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժական հիվանդանոց տարել:
Երկրորդ երկրպագուն, ով Քիանու Ռիվզի առանձնատուն է ներխուժել սեպտեմբերի 15-ին, իրեն ավելի անբռնազբոս է պահել: Մուտք գործելով աստղի տուն՝ նա մերկացել է, ցնցուղ ընդունել և մերկ վիճակում սուզվել դերասանի լողավազանի մեջ: Լողորդ կնոջը հայտնաբերել են աշխատակիցներն, ովքեր պատրաստվում էին մաքրել լողավազանը: Նրանք ոստիկանություն են կանչել, և երկրորդ երկրպագուն ևս հոգեբուժարան է ուղարկվել: