Պարզվում է՝ ՀՀ պետական միջոցների հաշվին խոշոր ծախսեր արվել են ոչ միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի Հանրապետություն կատարած վիճահարույց այցի համար: Հիշեցնենք, որ Նալբանդյանի այցը դեպի Թուրքիայի Հանրապետություն 3 մլն 667 հազար դրամ նստեց պետբյուջեի վրա:
Բանն այն է, որ այցը նախապատրաստական փուլեր է ունեցել եւ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար Հովհաննես Վիրաբյանն այս նպատակով նախօրոք՝ օգոստոսի 26-29-ին մեկնել է Մոսկվա եւ Անկարա՝ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարելիք այցը կազմակերպելու համար:
Այսպիսով, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վիրաբյանի Երեւան-Մոսկվա-Մյունխեն-Անկարա-Մյունխեն-Երեւան ավիատոմսը, ինչպես նաեւ Մոսկվայում եւ Անկարայում մնալու օրապահիկները եւ գիշերավարձերը վճարելու համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է գրեթե 1 մլն դրամ: