Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից եւ հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ եք որոշել թանկացնել մայրաքաղաքային տրանսպորտը:
-Խնդիրն այն է, որ գործող սակագներով այլեւս հնարավոր չէր, որ տրանսպորտն աշխատի` եթե ոչ շահութաբեր, գոնե իր ծախսերը հանելով: Տրանսպորտը սպասարկողները մասնավոր ընկերություններ են, որոնք մեզ հաշվարկներ են ներկայացրել: Այս տարիների ընթացքում, թե՛ մեքենաների մասերը, թե՛ վառելիքը թանկացել են ու հիմա անհնար է, որ տրանսպորտի գինը նույնը մնա: Անգամ այս օրերին երկու տրանսպորտ կանգնել էր ու չէր աշխատում, ստիպված մենք էլ դիմում էինք կառավարությանը, խնդրում էինք աջակցել, որ մարդիկ կարողանան տրանսպորտով գործի գնալ, երեխաներն էլ` դասի: Ու այդ կերպ արդեն անհնարին էր դառնում. կա՛մ պետք է տրանսպորտը կանգներ ու չաշխատեր, կա՛մ մարդիկ միայն տաքսիով պետք է տեղաշարժվեին: Դա է հիմնական պատճատը: Իսկ այդ ընկերությունները հիմնավոր հաշվարկներ են ներկայացրել: Նշվում էր 120-130 դրամ, մենք, սակայն, միջին` 100 դրամի վրա կանգ առանք: Եկանք այն որոշման, որ եթե այդ թանկացումը չլինի, ապա տրանսպորտը պետք է կանգնի: Իսկ դա արդեն անթույլատրելի է: Սրանք հիմնավորված հաշվարկներ են, մենք էլ այդ հաշվարկների հիման վրա խորհրդակցություն անցկացրեցինք, քննարկեցինք ու եկանք այն եզրակացության, որ առանց տրանսպորտի սակագնի բարձրացման հնարավոր չէ:
-Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտի բնակիչներն ի նշան բողոքի` պատրաստվում են բողոքի ակցիաներ անել: Ի՞նչ եք անելու այդ դեպքում:
-Մեզ ոչ ոք նման հարցով չի դիմել, երբ կդիմեն՝ մենք կքննարկենք այդ հարցը: Մեզ Աջափնյակի ու Արեշի բնակիչներն են դիմել ու նշել են, որ իրենք պատրաստ են 100 դրամ տալ, միայն թե տրանսպորտն աշխատի, ավտոբուսը գա իրենց համայնք: Հիմա նաեւ մարդիկ կլինեն, որ իրենց կարծիքը, դժգոհությունը կհայտնեն, բայց այդ ամենը տնտեսական հաշվարկի հիման վրա է արվել: Կարո՞ղ է այլ մարդիկ մեզանից ավելի շատ են շահագրգռված, մենք ստիպված ենք գնացել այդ ամենին, որպեսզի մարդիկ կարողանան տրանսպորտից օգտվել:
-Երեւանում եւս ցանկանում էին տրանսպորտի գինը թանկացնել, սակայն համընդհանուր բողոքի ալիքի շնորհիվ դա կանխվեց: Հնարավո՞ր է, որ Դուք էլ, ի վերջո, տեղի տաք հանրային դժգոհությանը:
-Նույն բանն էլ Երեւանում է, այժմ էլ ուսումնասիրություններ ու քննարկումներ են գնում: Ես արդեն ասացի` այդ որոշումը կայացվել է տնտեսական հաշվարկների հիման վրա:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ