Սերժ Սարգսյանը կարծես թե կորցրել է ադեկվատության զգացողությունը: Նա Չեխիայում բնակվող հայերի հետ դեսպանատան դահլիճում ունեցած հանդիպման ժամանակ անսպասելի ագրեսիվ պահվածք է դրսեւորել:
Ահագնացող տեմպերով կործանում
«Առավոտ»-ը երեկ հրապարակել էր հանդիպման սղագրությունը: Ըստ այդմ, մեր հայրենակից Լարիսա Գրիգորյանը հիշեցնելով աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի խոսքերը՝ մաֆիոզ ավազակների մասին, հարց է ուղղել Սարգսյանին. «Ինչպե՞ս կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը»: Ի պատասխան Սարգսյանն ասել է, թե ինքը Ազնավուրին հարգում է որպես երաժիշտ, բայց նա չի տիրապետում հայկական իրականությանը: Այնուհետեւ դասեր է տվել իրենց հարց տվող ուսուցչուհուն. «Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել ահագնացող բառի իմաստը», ապա ինչ- որ թվեր է ներկայացրել, որոնք հանգեցրել են 2012-ին արտագաղթի տեմպերի նվազման: Նախ՝ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտած Սերժ Սարգսյանին հիշեցնենք «ահագնացող» բառի բացատրությունը. ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «ահագնացող» նշանակում է՝ «կուտակվելով մեծանալ, տարածվել, սաստկանալ, վիթխարի, հսկայական դառնալ»: Ապա բառերը համադրենք իրականության հետ: Եթե միայն 2012-ին ՀՀ-ից 170 հազար մարդ է հեռացել, դա ի՞նչ է, եթե ոչ «ահագնացող տեմպերով ընթացող արտագաղթ»:
Արհեստական թվերով գեղեցկություն
Բայց սրանով չի ավարտվել Սարգսյանի «կռիվը» հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հարց է տվել «Դուք համաձայ չե՞ք, որ կյանքն ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում»: «Ոչ», բղավել է մի տիկին՝ Սարգսյանին հորդորելով գնալ գյուղեր ու տեսնել՝ ինչ է աղքատությունը: «Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ո՞վ է: Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ. դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»,- հորդորել է Սարգսյանը: Այդ պահին, հավանաբար, նա մոռացել էր, որ ՀՀ վարչապետն այլեւս Տիգրան Սարգսյանը չէ, որը 6 տարի շարունակ «միջազգային թվերով» կերակրեց ՀՀ նախագահին՝ մեր երկրի պետբյուջեի հաշվին իրեն ձեռնտու միջազգային վարկանիշային ցուցանիշներ գնելով:
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, որ Տիգրան Սարգսյանի «տնտեսական հրաշքը» արհեստական է, գնովի: Նախկին վարչապետի սանիկ, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նախարարության միջոցներից 217 հազար դոլար էր ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ մոտ 120 հազար դոլար էլ՝ Moody|`s Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը՝ միջազգային ա՞յս թվերն էր հիշատակում՝ հայ համայնքի ներկայացուցչի վրա բարկանալիս: Թե՞ միայն գեղեցիկ հանգվելը նա արդեն տնտեսապես բարեկեցիկ երկրի ցուցանիշ է համարում:
Բա քանի՞ հոգով շաքար ներկրեն
Ինչեւէ, շարունակենք ներկայացնել Սարգսյանի խոսքերը, որոնք ամենամեղմ ձեւակերպմամբ դժվար է ադեկվատ մարդու վարքագիծ համարել: Մեր հայրենակիցներից Արսենը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է երկրում շաքարը մեկ մարդ ներկրում: «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն»,- կրկին բարկացել է մշտապես տնտեսության ազատականությունից խոսող ՀՀԿ առաջնորդը: Երբ մեր հայրենակիցներից մեկն առաջարկել է, օրինակ, տրանսպորտի ոլորտում բիզնես տալ իրեն, եթե իսկապես «գծատերերը» ասում են, թե այն շահավետ չէ, Սարգսյանը ինքնավստահ խոստացել է. «Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ, ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ»: Նկատենք, որ քաղաքացու հետ «դու»-ով է խոսում մի մարդ, ով 2 տարի առաջ հրապարակավ բոլոր մանր ու միջին իշխանիկներին կոչ էր անում քաղաքացիների հետ «դուք»-ով խոսել:
Բայց միայն տնտեսական հարցերը չէ, որ զայրացրել են Սարգսյանին: Նրան անգամ հեռուստաալիքների մասին արված հարցադրումը դուր չի եկել: Երբ Չեխիայում բնակվողները դժգոհել են հայկական ոչ օգտակար, գռեհիկ հեռուստաեթերից, ահա թե ինչ է նա պատասխանել. «Հեռուստաալիքների մեծ մասը մասնավոր են, ես իրավունք չունեմ խառնվելու: Ինչ վերաբերում է «Հ1»-ին, համաձայնեք, որ շատ բան է փոխվել, թարմ ու հետաքրքիր խորագրեր կան: Կարող է արբանյակայինով ուրիշ բաներ են հաղորդում, բայց Երեւանում շատ լավ է»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի դիտած «Հ1»-ը լավն է, իսկ Չեխիայում հեռարձակվող «Հ1»-ի համար երկրի ղեկավարը պատասխանատվություն չի կրում: Հետաքրքիր է՝ էլ ինչո՞ւ է ամեն տարի Հանրային հեռուստաընկերությունը հսկայական գումարներ ստանում ՀՀ պետբյուջեից: Անգամ երկրի նախագահն է տարակուսում, թե ինչ որակի հեռարձակում են ապահովում «Հ1»-ի պատասխանատուները: Այդ որտե՞ղ է ծախսվել միայն 2013-ին տեխնիկական վերազինման համար հատկացված 850 մլն դրամը:
Ինչ աներ նա մեկ գիշերում
Հայ համայնքի ներկայացուցիչների եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում մի շատ կարեւոր բան է բացահայտվել. Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ իրեն, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն անել: Երբ մեր հայրենակից Բագրատ Առաքելյանը հետաքրքրվել է, թե ինչու չհարցրեցիք համայն հայության կարծիքը՝ ՄՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ, Սարգսյանը այսպիսի պատասխան է տվել. «Հետաքրքիր մարդ եք՝ եկել եք, էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը: Նրանք պիտի որոշեն՝ ՀՀ-ն Մաքսային միությունում պիտի լինի՞, թե ոչ: Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Դու կարդացե՞լ ես ազատ առեւտրի պայմանագիրը…»:
Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի խոսքերից միակ տրամաբանական ու տեղին քննադատությունը թերեւս այն է, որ մեր շատ հայրենակիցներ փախել են երկրից, գնացել, այլ երկրի օրենքներին ենթարկվելով ապրում են, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի օրենքներին «հավան չեն», ինչ – որ բաներ են ուզում փոխել: Այստեղ իրոք նրանց պահվածքը քննադատության արժանի է:
Ալբերտ Խուրշուդյան