Դատախազությունը ստիպո՞ւմ է դատարանին անբարոյական լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Հրապարակ» օրաթերթից եւ «ilur» լրատվական կայքից պահանջվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք երբեւէ չեն բացահայտի իրենց տեղեկատվության աղբյուրը:

Հիշեցնենք, որ «ilur»-ը եւ «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ մայիսի 7-ին Գյումրիի ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի եւ մարզիկներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ոստիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:

2014թ. մայիսի 30-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ ավելի ուշ սույն գործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հիմնավորմամբ, թե քննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողություններով Վ. Նադարյանի եւ մարզիկներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյանների միջեւ որեւէ միջադեպի մասին որեւէ ապացույց ձեռք չի բերվել, եւ այս առումով «սպառվել են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Ուստի դատարանից խնդրել էր բավարարել միջնորդությունը՝ պահանջելով լրատվամիջոցներից բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը: Դատարանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տարածած երկու լրատվամիջոցներից պահանջելով բացահայտել տեղեկատվության աղբյուրները:

Որտեղ է թաղված շան գլուխը

Ինչ է կատարվում իրականում: Պարզ է, որ դատարանի կողմից երկու լրատվամիջոցներին ներկայացված աղբյուրի բացահայտման պահանջն ավելի խորը արմատներ ունի: Ավանդաբար հայրենի դիմազուրկ դատարանները նման ճակատագրական որոշումները կայացնում են կոնկրետ հրահանգի դեպքում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունն է ճնշում գործադրել դատարանների վրա: Դատավորներից մեկը մեզ պատմեց, որ իրենք, սովորաբար, երբ դատախազությունից նման «կարեւոր միջնորդություն» են ստանում, գերադասում են բավարարել այն՝ ավելորդ «գլխացավանքից» ազատվելու համար: Այսինքն՝ դատավորները խուսափում են իրականում անկախ որոշում կայացնել, քանի որ գիտեն՝ ցանկացած պահի կարող են դառնալ քավության նոխազ:

Պարզվում է՝ դատական համակարգի «ղեկավար ատյանները»՝ այս դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, աղմկահարույց գործերի դեպքում մշտապես կրավորական կեցվածք է ընդունում եւ մասնագիտական աջակցություն չի հայտնում դատավորներին: Արդյունքում շատ դատավորներ ստիպված են լինում այնպիսի որոշում կայացրել, որ իրենց կարիերայի վրա հետագայում բացասական ազդեցություն չունենա: Տվյալ դեպքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է «շառից-փորձանքից հեռու» մնալու համար պարտադրել լրատվամիջոցներին` բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Եվ Դարբինյանն էլ շարունակել է տրամաբանությունը:

Ինչո՞ւ է դատախազությունը ստիպում դատարանին, ինչո՞ւ է աշխատում ընդդեմ լրատվամիջոցների`խախտելով ԶԼՄ-ների մասին օրենքը եւ ինչո՞ւ է, ի վերջո, քննիչների գործը բարդվում լրագրողների գլխին: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից: Մեր գրավոր հարցադրումներին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը գրել է. «Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ դատական համակարգը հանդիսանում է անկախ մարմին եւ որեւէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ եւ չի կարող ճնշում գործադրել, միջամտել դատական ատյանների գործունեությանը: ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, եւ ըստ այդմ, որեւէ իրավասություն չունի միջամտելու կամ ճնշում գործադրելու դատարանների վրա: Ինչ վերաբերում է, Ձեր ձեւակերպմամբ, «լրագրողների դեմ» աշխատելուն, ապա վստահեցնում եմ, որ դատախազությունը նման նպատակ կամ խնդիր չունի եւ չի կարող ունենալ»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը վստահեցրել է, թե վերը նշված լրատվամիջոցների կողմից տեղեկատվության աղբյուրը բացահայտելու քննիչի միջնորդության իրավական հիմքերը սահմանված է օրենսդրությամբ (Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս): Դե իհարկե՝ արվածը պետք է որեւէ կերպ հիմնավորե՞լ, թե՞ ոչ:

Ի՞նչ է սպասվում լրագրողին կամ լրատվամիջոցին

«Հրապարակ» օրաթերթի լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն իրենք բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ու եթե վերադաս դատարանն էլ անփոփոխ թողնի Վերաքննիչ եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների կայացրած որոշումը, այդ դեպքում ի՞նչ են պատրաստվում անել լրատվամիջոցները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ այս պահին դժվար է ասել, թե ինչ քայլեր կձեռնարկեն. «Առաջիկա քայլն այն է, որ մենք կդիմենք ՀՀ վճռաբեկ դատարան: Տեսնենք, թե ՀՀ Վճռաբեկ դատարանն ինչ որոշում կիրականացնի՝ ըստ այդմ էլ կորոշենք՝ ինչ անել: Բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ աղբյուրի բացահայտումը լրագրողի եւ լրատվամիջոցի համար ամենավերջին քայլ է: Իսկ եթե պարզ, մարդկային լեզվով ասենք, շատ քիչ լրագրողներ եւ լրատվամիջոցներ իրենց թույլ կտան այդպիսի անբարոյական բան անել՝ աղբյուր բացահայտել՝ մարդկանց դնելով հարվածի տակ: Այն մարդկանց, ովքեր օգնել են մեզ նյութը պատրաստել»:

Իսկ «ilur»-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը եւս կարծիք հայտնեց, որ աղբյուրի բացահայտման մասին խոսք լինել չի կարող. «Այսօր մենք հայտարարությամբ հանդես կգանք եւ մեր կարծիքը կհայտնենք դատարանի որոշման եւ մեր հետագա քայլերի հետ կապված»:

Քնար Մանուկյան

 




Լրահոս