«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ կարծիք ունեն ԱԺ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ գյուղերի մասին» օրինագծի տապալման վերաբերյալ:
Օգոստոսին ադրբեջանական գնդակոծություններից ամենից շատ տուժած Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ ինքն անտեղյակ է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար հարկային եւ այլ զեղչեր սահմանող օրինագծի՝ ԱԺ քառօրյայի օրակարգ չմտնելուց: Նա օրինագծին «կողմ» չարտահայտված պատգամավորների վերաբերյալ ասաց . «Պետք է մի քանի «ԴՇԿ» էլ իրե՞նց տների վրա կրակի, որ մեր վիճակը հասկանան»: Նշեց նաեւ, որ դեռեւս լուծված չէ բուհերում սովորող այգեպարցի 3 ուսանողների ուսման վարձերը պետական միջոցներով հոգալու հարցը:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը եւս տեղյակ չէր սահմանապահ գյուղերի մասին օրինագծի ճակատագրից: Նրա վկայությամբ` մովսեսցի 32 ուսանող կա, որոնց մեծ մասը բուհերում է սովորում: Նա ասաց, որ ուսանողների ցուցակն իրենք տվել են, սակայն տեղյակ չէր՝ կառավարությունը հոգացե՞լ է նրանց ուսման վարձը, թե՞ ոչ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ վարչապետ Հ. Աբրահամյանը խոստացել է հոգալ չինարեցի ուսանողների ուսման վարձը: Գյուղապետը տեղեկացրեց, որ բուհերում սովորող 23 ուսանողների ցանկը իրենք երկրորդ անգամ են ներկայացրել: Նա եւս տեղյակ չէր՝ նրանց ուսման վարձը հոգացել են, թե՝ ոչ: Սաղոյանի խոսքով՝ բուհերի ղեկավարությունը ուսման վարձերը վճարելու համար ուսանողներին վերջնաժամկետ էր տվել մինչեւ սեպտեմբերի 15-ը, արդյունքում ուսանողների մեծ մասը մի կերպ հոգացել է ուսման վճարը: Ս. Սաղոյանը եւս տեղյակ չէր, որ Ն. Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ