12-ամյա Կարենին հանդիպեցինք փողոցում: Նա դպրոց էր շտապում առանց պայուսակի՝ տոպրակը ձեռքին: Զրուցելով տղայի հետ պարզեցինք, որ թեպետ դպրոց է հաճախում մեծ սիրով, սակայն չունի դպրոցական պայուսակ:
«Երազում եմ թղթապանակ ունենալ, որպեսզի տետրերս եւ գրքերս այնտեղ տեղադրեմ»,- փափագով ասաց փոքրիկը:
Կարենի հետ հանդիպումն առիթ հանդիսացավ այցելելու նրանց տուն՝ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող հանրակացարանային մի շենք: Մարգարիտա Կոնինյանն իր երկու անչափահաս երեխաների՝ 14 տարեկան Սվետայի եւ 12 տարեկան Կարենի հետ տասը տարի է՝ ապրում է այդ անբարեկարգ բնակարանում:
«Բնակարանը մերը չէ, վարձով ենք այստեղ, պետությունից նպաստ եմ ստանում՝ 27000 դրամ, իսկ բնակարանի վարձը 35000 է: Ամուսինս տարիներ առաջ գնաց Ռուսաստան ու այդպես էլ չվերադարձավ: Ես տներ ու բակեր մաքրելով չնչին գումար եմ վաստակում»,- պատմեց Մարգարիտան` այդուհանդերձ ընդգծելով, որ իրեն անհանգստացնող առաջնային խնդիրը սոցիալական չէ: Պարզվեց, որ փոքրիկ Կարենը տառապում է երկկողմանի երիկամային հիդրոմեֆիոզով, երկու անգամ վիրահատվել է, սակայն չկա երաշխիք, որ հետագայում տղան ձախ երիկամից չի զրկվի: Կարենը մշտական հսկողության եւ լավ սնվելու կարիք ունի: Նա ոչ միայն դպրոցում է լավ սովորում, այլեւ հաճախում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին:
Ի դեպ, նա մեզ համար անվարժ կատարեց Տիգրան Մանսուրյանի սքանչելի գործերից (լուսանկարվել չցանկացավ): Միայն թե մայրն ասաց, որ վարձավճարի պատճառով Կարենը պատրաստվում է լքել երաժշտական դպրոցը:
Կարենի փոքրիկ երազանքն ի սկզբանե պարզեցինք. թղթապանակ-պայուսակ, հետո էլ երաժշտական նոր ու հետաքրքիր գործիքներ եւ հեծանիվ: Երբ մեզ հետ զրույցում նա անկեղծ պատմում էր իր երազանքների մասին, մայրն ընդհատեց՝ ասելով, որ այդ ամենը հարուստների համար է:
Արեւիկ Հակոբյան