Աբովյանում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հիշեցին նաև Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, քննադատեցին իշխանություններին և բոլորին կոչ արեցին հոկտեմբերի 10-ին հավաքվել Ազատության հրապարակում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե Հայստանում իշխում են մի քանի ավազակներ, գողեր, շահամոլներ, ովքեր պետական լծակներն օգտագործում են սեփական հարստացման համար։ Խոսելով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին` ՀԱԿ պատգամավորն ընդգծեց. «Ինչպես կարելի է Լիսկայի նման մի մարդասպանին, կնոջը հանրային վայրերում ծեծած մարդուն նշանակել մարզպետ։ Գող, ավազակ ու մարդասպան են մեր իշխանությունները, և Լիսկայի նշանակմամբ նրանք ցույց տվեցին իրենց իրական դեմքը»:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս զերծ չմնաց Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետ վերանշանակելու փաստին անդրադառնալուց: «Հայտարարում են, թե գնում են սահմանադրական փոփոխություններով բարենորոգման ու Սուրիկ Խաչատրյանին նշանակելով, ասում են, թե նման անբասիր կենսագրությամբ մարդկանց են նշանակելու, որ պայքարել են արդար ընտրությունների համար ու բարի եղեք առաջիկայում հանրաքվե կազմակերպել այն մարդկանց կողմից, ովքեր կեղծել են բոլոր տեսակի ընտրությունները»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ երկիրը կրիմինալի և կոռուպցիայի խայտառակ ճիրաններում է, և որ «Ապահով Հայաստանը» դարձել է ամենաանմարդկային մակդիրների հոմանիշ: