Համեմատած նախորդ տարիների ընտրությունների քարոզարշավների հետ՝ այս անգամ առաջընթացն ակնհայտ է` չհաշված փոքրիկ բացթողումները: Քարոզչությունն ընթացել է զգալիորեն հավասարակշռված, հանգիստ մթնոլորտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քարոզարշավի երկարաժամկետ դիտարկումը ներկայացնելուց հետո գնահատական տվեցին “Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Կազմակերպության մատնանշած բացթողումները մասնավորապես վերաբերում են ընտրացուցակներում հայտնաբերված անհասկանալի փաստերին, քարոզչության խոչընդոտման դեպքերին և նաև բարեգործությունների ակտիվացմանը:
“Օրենքը պահանջում է մինչև քարոզարշավը չի կարելի բարեգործական նկատառումներով բաժանել օգնություն, լինի սննդամթերք, պարարտանյութ, հեռախոս և այլն: Սակայն նկատեցինք, որ քարոզարշավի ընթացքում այն ավելի բուռն զարգացում ունեցավ”,- ընդգծեց կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը: Ի դեպ, “Ընտրությունը քոնն է” հկ-ն դիտորդական առաքելություն կանցկացնի նաև ընտրությունների օրը` բոլոր ընտրատեղամասերում ունենալով 4000 դիտորդ: