Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ երգահան, երգիչ, վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրն է: Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Նա 1896–99 թթ-ին. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։

1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։

1915 թ-ին ապրելով Մեծ Եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը։ 1919 թ. մեկնել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (հոկտեմբեր 22, 1935) մնացել է հոգեբուժարաններում։ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։

Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը։ Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ։ Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա։ Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները։ Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո՞ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր։ Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները։

Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է և մինչև այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին Երևանում։

Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը։ Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ։

Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր։




Լրահոս