Դատախազական մարմինները կազատվեն պետական տուրքի վճարումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցողն էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյան:

Նախ նա նշեց, որ ներկայումս պետական տուրքից ազատվում են օրենսդիր եւ գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ  կենսաթոշակային զբաղվածության հիմնադրամը: Սակայն այս ցանկում բացակայում են ՀՀ դատախազական մարմինները եւ օրենքով ստեղծված մշտական գործող մարմինները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դատախազական մարմիններին եւ օրենքով ստեղծված մշտական գործող մարմիններին ազատել ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից:

Նշվում է, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նույն գումարով նվազեցմանը, որի չափը հնարավոր չէ որոշել` պայմանավորված եկամտատեսակի առանձնահատկությամբ:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նիստերի առաջիկա քառօրյայի օրակարգ:




Լրահոս