Ի՞նչ կապ ունի Գ. Ծառուկյանը ստեղծվելիք «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է հոկտերբերի սկզբին հանդես գալ համաժողովով կամ մեծ մամլո ասուլիսով ու ներկայացնել կազմակերպության առաջիկա ծրագրերը: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կազմակերպության ներսում քննարկվում է համաժողովի հարցը, որի շուրջ տարբեր տեսակետներ են հնչում:
Կազմակերպության անդամների մի մասը գտնում է, որ անհրաժեշտ է ասուլիսի միջոցով հասարակությանը տեղյակ պահել իրենց հետագա անելիքների մասին, մյուս մասն էլ ճիշտ է համարում համաժողով անցկացնելը, ինչպես դա արեց «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի գլխավորությամբ:

Մի քանի օր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է այսօր նիստ անցկացնել Հրազդան քաղաքում: Սակայն պարզվում է՝ հկ-ի ներկայացուցիչները որոշել են այն հետաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը, քանի որ չեն կարողացել ապահովել առավելագույն թվով մասնակիցների ներկայությունը: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ինչո՞ւ որոշվեց հետաձգել Հրազդանում նախատեսված նիստը, ի՞նչ խնդրի առաջ է կանգնել «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը, որ նման որոշում է կայացրել:

-Որոշվեց հանդիպումը հետաձգել, քանի որ այնտեղ տղաները պատրաստ չեն, մենք էլ չենք ցանկանում հավելյալ խոսակցությունների տեղիք տալ, ավելորդ անգամ մարդկանց անհանգստացնել, դրա համար էլ որոշում ենք կայացրել նիստն անել ամսի 30-ին: Այնպիսի մի արտառոց բան չկա, որի պատճառով ենք հետաձգել: Ուղղակի զբաղվածության պատճառով է նման որոշում կայացվել: Իսկ մենք ուզում ենք բոլորս համախմբված լինել նման հանդիպումների ժամանակ, եւ համախմբված, միասին լինելու համար պետք է օրը փոխեինք, հարմարեցնեինք բոլորին, որպեսզի կարողանանք բոլորով ամբողջական պատկերը ներկայացնել հանրությանը: Պարզ ասեմ՝ ուզում ենք բոլորս ներկա լինել:

-Իսկ ովքե՞ր պետք է մասնակցեին Ձեր հրավիրած նիստին, Հրազդանի ազատամարտիկները ներկա՞ են լինելու :

-Ազատամարտիկներ ներկա լինելու են, ես կարծում եմ, որ եթե Սասուն Միքայելյանն էլ ժամանակ ունենա, հրավիրվածի կարգավիճակում ինքն անպայման ներկա կգտնվի, որովհետեւ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Սասուն Միքայելյանի հետ: Մենք շատ լավ ընկերներ ենք: Մի քանի տասնյակ հրամանատարներով որոշել ենք հանդիպել, կարծում եմ՝ ինքը ներկա կգտնվի:

-Տեղեկություններ կան, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի գլխավորած «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը ղեկավարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, որն էլ հենց այդ կառույցների ստեղծման նախաձեռնողն է: Ի վերջո, ի՞նչ կապ ունի Գ. Ծառուկյանը Ձեր հկ-ի հետ:

-Մամուլը մշտապես նման տեղեկություններ է հրապարակում, նման ինֆորմացիա է շահարկում, ուղղակի դա այդքան էլ վիրավորական տեղեկություններ չեն, որ մենք վիրավորվենք: Բայց մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը ուղղակի միացել է մեր դաշինքին ու վերջ, այլ բան պետք չէ փնտրել: Սա ոչ մեկի դաշինքը չէ, այնտեղ կան մի քանի տասնյակ հրամանատարներ ու բոլորս միասին որոշել ենք հավաքվել իրար գլխի: Միլիոն մարդ` միլիոն կարծիք: Այսօր այնքան հեշտ են սուտը ճշմարտության տեղ անցկացնում, որ արդեն կարմրելու պրոցեսը չկա, որպեսզի նման ստերի դեպքում մարդը կարմրի: Դրա համար էլ ում մտքով ինչ անցնում է դա էլ ասում է: Դա Ռուստամ Գասպարյանի կառույցը չէ, հրամանատարների կողմից ստեղծված դաշինք է: Ռուստամ Գասպարյանն ուղղակի այդ դաշինքը ստեղծողներից մեկն է:

-Նշվում է նաեւ, որ Դուք պատրաստվում եք մինչեւ հոկտեմբերի 10-ը համաժողով անցկացնել, որպեսզի կարողանաք մասնակցել եռյակի հրավիրած համապետական հանրահավա քին: Կա՞ նման բան:

-Նման նպատակ չկա, եթե կողքից ինչ-որ բաներ են ասում՝ դա դեռ չի նշանակում, որ այդպիսի նպատակ ունենք, բայց չեմ կարող ասել, որ չի կարող այդպիսի բան լինել: Չգիտեմ, իրավիճակը ցույց կտա, բայց այս պահի դրությամբ նման որոշում չենք կայացրել: Մեզ համար կարեւորը նորմալ երկիր ունենալն է, մենք անձնական որեւէ բան չունենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս