Քննարկվեց աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում: Ջեկ Սարոյանը նշեց, որ Հայաստանում ֆտորացման ծրագրի ներդրման նապատակով իր կողմից հետազոտություններ են կատարվել դեռևս յոթ տարի առաջ: Նա վստահ է, որ դրա ներդրումը Հայաստանում կնպաստի երեխաների շրջանում բերանի խոռոչի առողջության բարելավմանը` մասնավորապես կարիեսի կանխարգելմանը:

«Աշխարհում ֆտորացումն իրականացվում է երկու եղանակով` ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն առավել մատչելի կլինի Հայաստանի համար»,- ասաց պրոֆեսորը:

Նրա խոսքով` մեր երկրում երեխաների շրջանում կարիեսի տարածվածությունը ատամների ոչ ճիշտ մաքրման, անառողջ սննդի, քաղցրավենիքի չարաշահման արդյունք է:

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրեց միջազգային փորձը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն առաջարկեց աղի ֆտորացման ծրագրի համար հետազոտություններ իրականացնելու համար խորհրդակցել Հայաստանում երկարամյա գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ:

Ջեք Սարոյանը և նրա գործընկեր Արմեն Գասպարյանը հավաստիացրին, որ ԱՄՆ-ում պատրաստ են դրամահավաք իրականացնելու և հավաքագրված գումարն ուղղել Հայաստանում աղի ֆտորացման ծրագրի իրականացմանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է համատեղ իրականացնել հանրային առողջապահության այս ծրագիրը, որի ներդրման համար, սակայն, անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություն:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Հայաստանի բնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով իրականացնել համատեղ, գիտականորեն հիմնավորված հետազոտություն, որում կներգրավեն նաև Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Յունիսեֆի մասնագետները:

Հետազոտության իրականացումից հետո կհստակեցվի աղի ֆտորացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և պայմանները:




Լրահոս