Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման էր դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Զեկույցով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա հիշեցրեց, որ նախագիծը հանձնաժողովում քննարկվում է երկրորդ անգամ, իսկ առաջին անգամ այն արժանացել էր բացասական եզրակացության: Նրա խոսքով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ այժմյան օրենքը հակասահմանադրական է:
«Չի կարելի գործադրել մի լիազորություն և վկայակոչել մեկ այլ լիազորություն ենթադրող կետ, դրույթ, հոդված կամ նորմ: Ասված է` օրինակ, եթե վարչապետի նշանակումը սահմանվում է այսինչ կարգով, ապա պետք է ղեկավարվենք վարչապետի նշանակման կարգով, մենք չեն կարող, օրինակ, առաջնորդվել նախարարի նշանակման կարգով: Նույն տրամաբանությամբ այժմյան օրենքում հիմնական վիճելին արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառումն է, որը բխում է Սահմանադրության այլ կետից»,- ընդգծեց Ջհանգիրյանը:
Պատգամավորի խոսքով` այժմյան օրենքով նախագահն ունի արտակարգ դրության ժամանակ զինված ուժ կիրառելու հնարավորություն: Նրա խոսքով, ստացվում է, որ ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որևէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում:
Նրա խոսքով` սակայն Սահմանադրության 55 հոդվածի 14 կետը սահմանում է, որ Սահմանադրական կարգի սպառնացող վտանգի դեպքում նախագահը, խորհրդակցելով ԱԺ նախագահի, վարչապետի հետ, հայտարարվում է արտակարգ դրություն և կազմակերպվում են իրավիճակից բխող միջոցառումներ:
«Ստացվում է, որ եթե նախագահը Սահմանադրության մի կետով ունի ամեն ինչ անելու լիազորություն, ապա իրավական ակտեր գրելն անտեղի է: Այդ իսկ պատճառով նախագծի մեխն այն է, որ նախագահը չի կարող կիրառել զինված ուժեր: Միևնույն ժամանակ գտնում եմ, որ, ինչ խոսք, տարերային, բնական ու տեխնոգեն աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի և այլ դեպքերում անհրաժեշտ է և կարող են օգտագործվել ԶՈւ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաև բանակի մարդկային ռեսուրսը` ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման, փրկարարական և այլ նպատակով, ինչպես նաև ծանր տեխնիկան` որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ Զինված ուժերը կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ` միայն ռազմական դրություն հայտարարելու պայմանով»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
Այս անգամ նախագիծը կրկին անգամ մերժվեց: