ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ` ՌԵՎԱՆՇԻՍՏ ԶՈՒՅԳԻ ԱՐԱՆՔՈՒՄ

«ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող ամենատարբեր գործիչների զանգահարում եւ հանդիպում են այնպիսի անսպասելի դեմքեր, որոնք առաջին հայացքից անկախ կամ խիստ ընդդիմադիր իմիջ ունեն, սակայն իրականում ստվերային ձեւով կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բանագնացները դաշտում եղած քիչ թե շատ ակտիվ մարդկանց պատրաստակամություն են հայտնում անգամ ֆինանսապես օգնել, որպեսզի «ոտքի կանգնեն ու երկիրն այս վիճակից դուրս բերեն»: Եվ երբ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի գործողություններն ու «Ժողովուրդ»-ի ստացած այդ տեղեկությունները համադրում ենք, ստացվում է, որ Քոչարյանը մտադիր է քաղաքական դաշտը տարբեր կողմերից այն աստիճան ապակայունացնել, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հասկանալ, թե քամին որ կողմից է փչում: Ու հենց այդ խառը իրավիճակում էլ կարող է հայտնվել Քոչարյանը, բռունցքը սեղանին հարվածել ու դառնալ դրության տերը: Մի բան, որը նրա մոտ լավ է ստացվում: Թերեւս այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն իր միակ եւ հիմնական հենարանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով շաբաթ օրը հետաքրքիր ուղերձ հղեց: «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել… խոնարհությամբ ծառայելով իմ ժողովրդին՝ ես չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն, հակառակորդն էլ օգտվի դրանից: Բայց, չտա Աստված, որ որեւիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ իր սեփական փառասիրության կամ հարստության, ես չգիտեմ ինչ անուն տալ… ռեւանշիզմի եւ այլնի համար: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ»:

 

 

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս,«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո` մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Հ. Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ ԱԺ նախագահների տարեկան ժողովին: Այստեղ ուշագրավն այն է, որ Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը: Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել` այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:

 

 

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում եւ «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են,թե նման բան հնարավոր չէ։ Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին եւ խնդրել շտապ գնալ խաղատուն։ Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ։ «Հյուրերի» եւ աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետեւանքներից վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների։ Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել։

 

 

Օրերս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Արամ Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած կառույցը նոր է ստեղծվել, բայց այն հին հիմքերի վրա է հիմնված։ «Առաջին հայացքից է թվում, թե շատ նոր կառույց է, որովհետեւ նորը հարաբերական է, այնքանով, որքանով այդ մարմինները ձեւավորվել են Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական ապարատի, հենքի վրա»,-նշեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք իր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հեռացումը կապված է այն բանի հետ, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ դժվարացել է աշխատել, Թամազյանը պատասխանեց. «Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք՝ տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ մենք հասակակիցներ ենք, իսկ Կոստանյանի հետ զգալի տարիքային տարբերություն կա: Այս տարիքային տարբերությունը ինչ-որ տեղ… չգիտեմ դուք ինչպես կգնահատեք, բայց աշխատանքային որեւէ լուրջ խնդիր չի եղել, եղել է բավականին առողջ եւ արդյունավետ աշխատանք»:

 

 
ՄԱՆՐԱԴՐԱՄԱՅԻՆ

Որքան էլ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում որեւէ խոչընդոտ կամ չլուծված, չքննարկված հարց չի մնացել, հոկտեմբերի10-ի` նախանշված ժամկետի մոտենալն ու ԵՏՄ անդամ մյուս երկրների լռությունն այլ բանի մասին են խոսում: Մինչ Վ. Պուտինը Ն. Նազարբաեւի` ԵՏՄ չմտնելու մասին զգուշացման հաջորդ իսկ օրը շտապեց հանձնարարել ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը, ԵՏՄ անդամ մյուս պետություններում` Բելառուսում եւ Ղազախստանում, այդ գործընթացը դեռեւս տեղում դոփում է: Եվ, դատելով Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկիի` նախօրեին Երեւանում արած հայտարարություններից, չի բացառվում, որ Հայաստանի անդամակցության պայմանագիրն այս անգամ էլ չստորագրվի նախանշված ժամկետում` հոկտեմբերի10-ին:
Թեեւ Բելառուսի խորհրդարանի Ստորին` ներկայացուցիչների պալատի փոխնախագահը վստահեցրել է, որ իր երկրի կառավարությունն ինտենսիվ կերպով ներկայում աշխատում է փաստաթղթի փորձաքննության վրա եւ իրենք ամեն ինչ անում են, որ պայմանագիրը ներկայացվի խորհրդարան արդեն հոկտեմբերի 2-ին մեկնարկող նստաշրջանին, որպեսզի հասցնեն մինչեւ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթաժողովը այն վավերացնել, այդուհանդերձ նա նաեւ հաստատել է, որ ՀՀ անդամակցության պայմանագրում ներկայում առկա են որոշ կետեր, որոնց շուրջ Բելառուսն ու Ղազախստանը տարաձայնություններ ունեն, եւ որոնց վերացման ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում:
Իհարկե` Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակից ավելի բարձր մակարդակի պաշտոնյաների շուրթերով ավելի վաղ հավաստիացվել է, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ Ղազախստանը Հայաստանի անդամակցության հետ կապված որեւէ խնդիր չեն տեսնում, սակայն փաստն այն է, որ անդամակցության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում;
Կարելի կլիներ մտածել, որ գործընթացի այս ձգձգման պատճառը Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական արտոնությունների շուրջ տարվող բանակցություններում մեր երկրի շահերին մինչեւ վերջ եւ ամենայն մանրախնդրությամբ հետամուտ լինելու գործելաոճն է: Սակայն դա, ցավոք, ի սկզբանե բացառվում է, քանզի ՀՀ շահերին հետամուտ լինելու պարագայում մեր իշխանություններն առհասարակ պետք է ձեռնպահ մնային սեպտեմբերի 3-ի շրջադարձային որոշումից, որով մեզ կապում են փլուզվող տնտեսական համակարգ ունեցող Ռուսաստանի, կոռումպացված Ղազախստանի եւ բռնապետական Բելառուսի հետ: Իրականում պատճառը մի կողմից՝ Ղազաղստանի եւ Բելառուսի, մյուս կողմից՝ Ռուսաստանի շահերի բախումն է: Եվ ներմիութենական այս գործընթացքում Հայաստանը հերթական անգամ վերածվում է մանրադրամի։




Լրահոս