«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ ՊԵՏՔ Է «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵԼ»
2012 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած ՀՀԿ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց. «Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել»: Սակայն, ինչպես ավանդաբար, Սերժ Սարգսյանի խոսքերը «օդում թողած պղպջակ» են հիշեցնում կամ իր խոսքերով ասած՝ «քամի են տատանում», քանի որ հենց իր իշխանության ներկայացուցիչները՝ վերեւից ներքեւ, արհամարհում են դրանք: Ամենաթարմ օրինակը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է: Երեկ նա կառավարության նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի վրա բարկացել է, թե՝ «քո կարծիքն էնքան էլ կարեւոր չի»: Այնուհետեւ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է ինչ-որ բան ցանկացել ասել, վարչապետը կշտամբել է, թե՝ «քո փոխարեն ես եմ խոսում»: Եթե վարչապետի պահվածքը դիտարկենք ՀՀԿ նախագահի խոսքերի տրամաբանության մեջ, նշանակում է՝ նախարարներն ու փոխնախարարները մեր երկրում ու առավելեւս իրենց աշխատավայրում ապահով չեն զգում, քանի որ նրանց հետ երկրի գործադիր մարմնի ղեկավարը խոսում է կենցաղային ոճով: Լավ է, որ «արա» դիմելաձեւը դեռ չի կիրառում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը տարբեր մարդկանց է «գործուղում» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի նրանք վարչապետին համոզեն` վավերացնել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի որոշումը: Սակայն Հովիկ Աբրահամյանը «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած» հրաժարվում է այդ փաստաթղթի տակ ստորագրել՝ պատճառաբանելով, թե դա ՀՀ-ի համար ձեռնտու գործարք չէ: Իհարկե, հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի նման դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի շահերի պաշտպանությամբ, որքան այլ` ավելի լայն տիրույթի գործընթացներով՝ մասնավորապես Ռուսաստան-ԱՄՆ հակասությունների համատեքստում ՌԴ իշխանությունների կողմից այս գործարքը չվավերացնելու համառ պահանջով: Սակայն լուրեր են պտտվում, որ հենց այս հարցում Հեֆֆերնի գրանցելիք հաջողությամբ կամ անհաջողությամբ էլ պայմանավորված կլինի նրա կարիերայի հետագա զարգացումը, քանզի նրան Վաշինգտոնից խստորեն հրահանգել են` առանց «Որոտան»-ի չվերադառնալ ԱՄՆ:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել՝ տուգանվելով 50.000 դրամի չափով: Իսկ ահա այս անգամ՝ սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ՝ 50.000 դրամ գումարով:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ եւ, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգների, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ: Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երեւանյան վերադասին՝ Վահե Ղուկասյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել:
«ՖԱԼՍՇՍՏԱՐՏՆԵՐԻ» ՕՐ
Եվ այսպես` երկարատեւ քննարկումներից հետո քառյակից սահուն կերպով եռյակի վերածված ԱԺ ոչ իշխանական ուժերն, ի վերջո, որոշեցին խոստացված միասնական հանրահավաքի օրը: Այն կկայանա հոկտեմբերի 10-ին, ճիշտ այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը։
Դժվար է պատկերացնել, որ «թեժ աշնան» բոլոր օրերից այլեւս ոչ այդքան «հրաշալի» եւ ոչ էլ Քառյակի ներկայացուցիչները հենց այդ օրը պատահաբար են ընտրել: Թեեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԵՏՄ-ին անդամակցության հարցը «ընդհանրապես այսօրվա ամենակարեւոր հարցը չէ», այդուհանդերձ` քիչ հավանական է, որ ԵՏՄ-ի հարցը չլինի հանրահավաքային ելույթների օրակարգում: Ամեն դեպքում` ակնհայտ է, որ հենց այդ օրը հրավիրելով միասնական հանրահավաքը, եռյակն առնվազն թուլացնում է Մինսկում անդամակցության պատրաստվող Սերժ Սարգսյանի դիրքերը:
Ընդ որում, նկատենք, որ հոկտեմբերի 10-ին նախանշված այս երկու իրադարձությունների հետ կապված էլ առայժմ բովանդակային որոշակիություն չկա: Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե եռյակն ինչ պահանջներով եւ ինչ հայեցակարգով է սկսելու հանրահավաքային պայքարը, արդյոք լինելու է ամբողջական իշխանափոխության կամ կառավարության հրաժարականի պահանջ, թե եռյակն առայժմ բավարարվելու է իր 12 կետանոց պահանջագրի վերաձեւակերպմամբ: Ավելին` չի բացառվում, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը լինեն նոր անակնկալներ` սահմանադրական բարեփոխումների հետ կապված «ժառանգության» դիրքորոշման մասով, եւ արդյունքում հանրահավաքը վարեն «քաղաքագիտական վերլուծությամբ պսակված» երկու ուժերը` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:
Նույնքան անհստակ է նաեւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը: Այստեղ եւս անակնկալները չեն բացառվում. դրանք կարող են լինել ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի կողմից, ընդ որում` նոր` տնտեսական բնույթի պահանջների տեսքով: Ի վերջո, ակնհայտ է, որ այսօր Հայաստանի անդամակցությամբ շահագրգիռ միակ երկիրը Ռուսաստանն է, ուստի նրա հետ բազմաթիվ խնդիրներ ունեցող ԵՏՄ մյուս երկու անդամները դժվար թե հեշտացնեն Ռուսաստանի կցորդի անդամակցության գործընթացը: Մի խոսքով` թեեւ առաջիկա հոկտեմբերի 10-ը նախանշված է որպես նշանակալի, եթե չասենք` բեկումնային իրադարձությունների օր, չի բացառվում, որ այս անգամ եւս այն լինի անպտուղ «ֆալշստարտի» օր: Ճիշտ այնպես, ինչպես հինգ տարի առաջ` 2009-ին` Ցյուրիխում հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման դեպքում: