ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵՆՔ ԱՅՆՏԵՂ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ ՄԱՐԴ ԾԵԾԵԼ, ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ցանկության դեպքում ամեն ինչն էլ կարելի է որակել որպես ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշում, անգամ երեկվա լուսաբացը: Սակայն եթե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդու ձերբակալությունը որեւէ կերպ կապված է ԲՀԿ-ի ակտիվ քաղաքական գործունեության հետ, ապա, ըստ պատգամավորի, դա չի կարող անպատիժ մնալ:

-Պարոն Արսենյան, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թիմ է «հավաքել», որպեսզի մասնակցեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: Այդ թիմում ընդգրկված եք նաեւ Դուք: Ինչո՞ւ եք որոշել ընդգրկվել իշխանության ներկայացուցչի թիմում:
-Ինտելեկտուալ խաղն ընդդիմություն, իշխանություն չի ճանաչում: Սա գիտելիքի խաղ է, ի՞նչ կապ ունի գիտելիքն իշխանության կամ ընդդիմության հետ: Ինչ-որ մեկը պետք է չէ՞ նման մի բան կազմակերպի: Մարդիկ չեն ծնվել որպես իշխանության կամ ոչ իշխանության ներկայացուցիչ, լինում են խելոք ու ոչ խելոք մարդիկ: Կարծում եմ՝ ինտելեկտուալ խաղեր կազմակերպելիս, դրանց մասնակցելիս այդ ամենը հաշվի չի առնվում: Հայաստանից որեւէ մեկը եթե հայկական պատվիրակություն է ներկայացնում, այնտեղ եւս լինում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դա է՞լ է վատ բան: Հայաստանը բոլորի հայրենիքն է:
-Պատվիրակության դեպքում այլ է, որովհետեւ պետության շահերն են ներկայացնում, իսկ խաղի դեպքում Դուք կարող էիք պարզապես հրաժարվել:
-Մենք էլ այժմ ոչ պաշտոնապես, հատկապես երիտասարդների շրջանակում, քարոզում ենք գիտելիքի նկատմամբ սեր, մենք այնտեղ չենք քարոզում մարդ ծեծել, կաշառք վերցնել, հանցագործություններ անել:
-Պարոն Արսենյան, օրերս Ձեր խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդուն կալանավորել են: Տեղյա՞կ եք, թե ինչ «պատմությունների մեջ» է հայտնվել նրա որդին: Զրուցե՞լ եք պատգամավորի հետ:
-Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, բայց որեւէ մանրամասն տեղեկություն չունեմ այդ մասին, չեմ տեսել, որպեսզի զրուցեմ:
-Ոմանց կարծիքով` դա որոշակիորեն կապված է ԲՀԿ-ի քաղաքական գործունեության հետ եւ դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում:
-Եթե ես մի բանից տեղյակ չեմ՝ ինչ կարող եմ ասել, Ռուստամ Գասպարյանի հետ էլ չեմ խոսել ու ոչ էլ ծանոթ եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ես մի բան ասեմ. եթե Յուրի Վարդանյանի որդուն դատել են, դա ի՞նչ է. ընդդիմությո՞ւնն է հետապնդում իշխանությանը, չէ՞: Դե թող արդարադատությունն իր ասելիքն ասի, Արսենյանն արդարադատության ներկայացուցիչ չի, որ ինչ-որ խոսք ասի:
-Բայց նման դեպքերը, ձերբակալությունները, կալանավորումները հիմնականում լինում են այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն սկսում է կոշտացնել իր դիրքորոշումը: Այս դեպքը դրա հետ չե՞ք կապում:
-Եթե հանկարծ որեւէ կապ լինի, դա շատ վատ է, եթե իսկապես որեւէ կապ ունի կառույցի քաղաքական գործունեության կամ ակտիվության հետ, պարզապես դա շատ վատ է, մենք պետք է երազենք, որ դա որեւէ կապ չունենա: Երեկվա լուսաբացն էլ կարելի է դիտարկել ընդդիմության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդում, եթե մի քիչ ուշադիր նայենք ու ցանկություն ունենանք` նման հայտարարություն կարող ենք անել: Մի քիչ ավելի սթափ ու ռեալ է պետք լինել, մի քիչ էլ ավելի իրատես:
-Անդրադառնանք սահմանադրական բարեփոխումներին. կարելի է ասել՝ այսօր միայն ԲՀԿ-ն է, որը կտրուկ դեմ է արտահայտվում…
-Ես նորից եմ ասում. եթե այդպես է, դրա հետեւանքով կարող են մարդկանց կալանավորել, ուրեմն դա շատ վատ է, սարսափելի վատ է, որովհետեւ ոչ մի բան անհետեւանք չի մնում: Ու եթե Հայաստանում նման մեխանիզմ է ներդրվելու, դա ընդամենը վատացնում է դաշտը: Սա մեր բոլորի հայրենիքն է, որտեղ մենք պետք է հանգիստ ու նորմալ ապրենք, որովհետեւ կյանքը արկածախնդրություն չի, կյանքը հանգիստ շարունակական բան է: Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն Հայաստանի քաղաքացիների կյանքը արկածախնդրություն դարձնել, կամ այն կդարձնեն մղձավանջ, ապա այդ մարդիկ շատ վատ բան են անում, այդ մարդիկ թե՛ քաղաքացու, թե՛ հասարակության, թե՛ Աստծո առաջ պետք է պատասխան տան: Այդ բանը չի անցնում անհետեւանք: Այն մթնոլորտը, միջավայրը, որտեղ դու ապրում ես ու այն փչացնում ես, աղտոտում ես, այդ մթնոլորտը նաեւ քո վրա է ազդելու: Դրանում համոզված եղեք, ու համոզված եղեք, որ այդ մարդիկ պատժվելու են:
-Հետեւանքների մասին. ԲՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցելու է հոկտեմբերի 10-ին կայանալիք միասնական հանրահավաքին: Ըստ Ձեզ` այդ դեպքում ի՞նչ «պատիժներ» են սպասվում կուսակցության ներկայացուցիչներին, հատկապես` գործարար հատվածին:
-ԲՀԿ-ն քաղաքական կառույց է, իսկ քաղաքական կառույցները նրա համար են, որ իրականացնեն քաղաքական գործունեություն: Ով որ ուրիշ ձեւ է մտածում` մտածողության հետ պրոբլեմ ունի:

 

 

ՀԵՖՖԵՐՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՌԱՆՑ «ՈՐՈՏԱՆ»-Ի

Անցած տարվա նոյեմբերին հայ-ամերիկյան կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշում էր կայացվել «Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի գինը նշվել էր 180 մլն դոլար: Այս որոշումը կայացվել էր ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Սակայն Հայաստանի էներգետիկ համակարգի այս կարեւորագույն համալիրի` նման ձեւով եւ նման գնով վաճառքը հարուցեց ՀՀ Աժ ոչ իշխանական ուժերի վրդովմունքը, որոնք Աժ ամբիոնից ՀՀ կառավարության այս որոշումը որակեցին որպես անթույլատրելի ու ազգադավ գործարք, նաեւ իրենց 12 կետանոց պահանջագրով ՀՀ կառավարությունից պահանջեցին չեղյալ հայտարարել «Որոտան»-ի վաճառքը: Արդյունքում` նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց վերանայել գործարքի պայմանները եւ ներկայում հրաժարվում է ստորագրել ՀՀ կառավարության կայացրած որոշումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը տարբեր շրջանակներից մարդկանց է «գործուղում» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի նրանք վարչապետին համոզեն վավերացնել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի որոշումը: Սակայն Հովիկ Աբրահամյանը «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած» հրաժարվում է այդ փաստաթղթի տակ ստորագրել՝ պատճառաբանելով, թե դա ՀՀ-ի համար ձեռնտու գործարք չէ: Իհարկե, հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի նման դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի շահերի պաշտպանությամբ, որքան այլ` ավելի լայն տիրույթի գործընթացներով՝ մասնավորապես` Ռուսաստան-ԱՄՆ հակասությունների համատեքստում ՌԴ իշխանությունների կողմից այս գործարքը չվավերացնելու համառ պահանջով:
Սակայն ամերիկյան կողմը եւս չի ցանկանում տեղի տալ, եւ «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքն ավարտին հասցնելը դարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի համար «կյանքի ու մահվան» հարց: Ըստ մեր աղբյուրների` հենց այս հարցում Հեֆֆերնի գրանցելիք հաջողությամբ կամ անհաջողությամբ էլ պայմանավորված կլինի նրա կարիերայի հետագա զարգացումը, քանզի նրան Վաշինգտոնից խստորեն հրահանգել են` առանց «Որոտան»-ի չվերադառնալ:
Առայժմ հեռացող դեսպանին դա չի հաջողվում, թեեւ ամեն անգամ Ջոն Հեֆֆերնը առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե այդ համագործակցությունն, ի վերջո, «գլուխ է գալու»: ««Որոտան»-ի գործարքը դեռեւս բանակցությունների փուլում է: Բանակցությունները ՀՀ կառավարության եւ տվյալ մասնավոր ձեռնարկության միջեւ են ընթանում, եւ մենք լիահույս ենք, որ այս գործարքը բարեհաջող ավարտին կհասցվի` ի գոհունակություն երկու կողմերի»,-սեպտեմբերի սկզբին Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջոն Հեֆֆերնի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, ըստ ամենայնի` նա Վաշինգտոն կվերադառնա ձեռնունայն: Արդեն հայտնի է, թե ով է նրան փոխարինելու մեր երկրում: ԱՄՆ ապագա դեսպան Ռիչարդ Միլզն արդեն խոսել է ՀՀ-ում իր գործունեության մասին ու նշել, որ ԱՄՆ-ն հիասթափված է ՀՀ-ի կայացրած մի շարք որոշումներից: Միլսը նշել է, որ չնայած ԱՄՆ-ն իր հիասթափությունը հստակ կերպով արտահայտել է Հայաստանի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ, որոնցից մեկն առնչվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկությանը, Հայաստանի հետ ուժեղ երկկողմ հարաբերություններ ունենալու ամերիկյան կառավարության հակվածությունը մնում է անփոփոխ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանից կատարված արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 2.8 %-ով աճել են: Արտահանման ծավալները կազմել են մոտ 847, 5 դոլար:
Ուշագրավ է, որ ԱՊՀ երկրներ արված արտահանումների ծավալները նվազել են: Մասնավորապես Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը նվազել է 6,1%-ով, դեպի Ուկրաինա՝ 36 %-ով, դեպի Թուրքմենստան՝ 33,4%-ով:
Բայց կա նաեւ արտահանման աճ, ըստ որի՝ դեպի Ղազախստան աճել է 30.3%-ով, իսկ դեպի Բելառուս՝ 21.5%-ով:
Եվրասիական միության ինտեգրացիայի ճանապարհն ընտրած Հայաստանից, բնականաբար, դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալներն անկում են ապրել 4,9%-ով:

 

ԱՆՀԻՄՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ
Այսօր Հայաստանի որոշ տարածքներում 3-5 ժամով հոսանքազրկումներ կլինեն: Եվ սա առաջին դեպքը չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն այս անջատումներն արդարացնում է՝ պատճառաբանությամբ, թե վերանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ հետագայում վթարներից խուսափելու համար: Ապա՝ հայցում է քաղաքացիների ներողամտությունը ու վերջ: Սակայն ընկերության նման գործունեության արդյունքում տուժում են ոչ միայն շարքային սպառողները, այլեւ արտադրական ձեռնարկությունները, խանութները, անհատ ձեռներեցները, որոնց որեւէ անգամ ընկերությունը չի փոխհատուցել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 2-ին Հայաստանի տարբեր բնակավայրերում զանգվածային հոսանքազրկում տեղի ունեցավ, որը վտանգներով էր հղի, քանի որ ռազմավարական շատ օբյեկտներում՝ այդ թվում եւ զորամասերում, էլեկտրաէներգիան անջատվել էր: Ու քանի որ աննախադեպ էր այդ հոսանքազրկումը, պատճառները պարզելու համար նույնիսկ մասնագիտական հանձնաժողով ստեղծվեց: Սակայն այդ մարմինն այդպես էլ էական ոչինչ չարեց:

 

110 ԴՐԱՄԱՆՈՑ ՋԻՆՍԵՐ՝ ԴԱՀԿ-ՈՒՄ
Ուշադրություն. ՀՀ ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը… 110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից: Ցավոք, երեկ լրացավ աճուրդի ժամկետը եւ այդպես էլ ջինսե շրջազգեստները չգտան իրենց տերերին, քանի որ գնային ոչ մի առաջարկ չի եղել: Հավանաբար, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դեպքում, հաջորդ անգամ ջինսե շրջազգեստը նորից հանվի աճուրդի՝ նշանակված գնից տասը տոկոսի չափով իջեցումով: Հուսանք՝ այդ ժամանակ գնորդներ կգտնվեն:




Լրահոս