ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼԻ «ՊԼՍՏԱՑ» ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Արդեն երկրորդ անգամ է, ինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ նկատողություն է անում ու կշտամբում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարին: Իսկ որտե՞ղ է նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ նկատողություն արեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ աշխատանքները պլանավորված ժամկետում չավարտելու համար: Երեկ եւս, երբ փոխնախարարը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ հասավ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է պետտուրք ներառվում: Փոխնախարար Առաքելյանը շտապեց պատասխանել՝ անձնական վերաբերմունքով՝ նախադասությունը սկսելով «Իմ կարծիքով…»: Այստեղ Հովիկ Աբրահամյանը բարկացավ, թե՝ «քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում»:
Այսպիսով՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն երկրորդ անգամ զայրացնում է ՀՀ վարչապետին, սակայն զարմանալի զուգադիպությամբ երկու անգամ էլ նախարար Գագիկ Բեգլարյանը չի մասնակցում այդ նիստին: Թեեւ երեկ տրանսպորտի նախարարը Հայաստանում չէր, բայց այս իրավիճակից երկու հետեւություն կարելի է անել. կամ նախարարը նախապես գիտի, որ վարչապետը բարկանալու է, դրա համար էլ իր ենթակային է ուղարկում՝ խայտառակվելու, կամ էլ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրան զգուշացնում՝ նիստի չգալ: Ինչպես հայտնի է, Աբրահամյանն ու Բեգլարյանը շատ մտերիմ հարաբերություններ ունեն իրար հետ եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է վարչապետը քննադատեր նախարար Բեգլարյանին:
Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի «պորտը» Աբրահամյանը «տեղը դրեց»: Երբ քննարկվում էր «Չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքարշ տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով մեկանգամյա փոխադրման իրականացման հատուկ թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով» տույժ կիրառելու հարցը, նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղից ինչ-որ բան էր ուզում հասկացնել, սակայն դա դուր չեկավ վարչապետին: Նա կշտամբեց Ճշմարիտյանին, թե՝ «քո փոխարեն ես եմ խոսում»: Թե ինչու էր «աղան բարկացել», այդպես էլ երեկ հասկանալի չդարձավ:
Ինչեւէ, դառնանք կառավարության նիստի բովանդակային մասին՝ նկատելով, որ երեկ գործադիրը «ժեստ արեց» ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ որի՝ առաջարկվում է «Սահմանապահ համայնքների մասին» օրենքում լրացումներ կատարել: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանամերձ համայնքներին հարկային եւ այլ արտոնություններ տալ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նման նախաձեռնություն իրենք արդեն արել են, եւ եթե Փաշինյանը կամ այլ անձինք ցանկություն ունեն, կարող են միանալ կառավարության նախաձեռնությանն ու առաջարկություններ անել: Բայց ամեն դեպքում ՀՀ կառավարությունն ընդունելի համարեց Փաշինյանի ներկայացրած նախագիծը սեփական առաջարկությունների ընդունման դեպքում:
Գործադիրն առաջարկում է «սահմանապահ» բառը փոխարինել սահմանամերձով, ապա ճիշտ է համարում օրենքի նախագծի 3-րդ հոդվածի փոխարեն (սահմանապահ համայնքի բնակիչներին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից ազատելը) կիրառել արդեն 2 տարի գործող՝ «Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումները:
Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից: Կառավարությունն առաջարկում է նաեւ լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում պետք է ապահովի համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:
Կառավարության երեկվա նիստին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ անձրեւների նվազման հետեւանքով Ախուրյան, Հրազդան, Սեւ ջուր, Քասախ գետերում նվազել են ելքերի հոսքերը եւ հասել 40-50%-ի:
Ըստ նախարարի՝ ջրի անբավարարության պատճառով մեծացել է Արարատյան դաշտում ջրօգտագործողների շահերի բախումը: Դրանից ելնելով կառավարությունը որոշում կայացրեց՝ ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատում անել:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ իրենց հետ պետք է մի քանի օր աշխատել: Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դարձյալ վրդովվեց. «Դե, ախր, գիտեք ինչ, հարկավոր է այդ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա, էլի աշխատենք, խնդիրն ինչումն է: Բայց պետք է խորհրդակցություն անել այս հարցի հետ կապված, ու կառավարության բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն»:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
Այս օրերին «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ն երկրորդ անգամ է դրամահավաք անցկացնում Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Սինջար» հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից: Բացի դրամահավաք անցկացնելուց, հկ-ի անդամներն օրերս հանդիպել են նաեւ ԱԺ մի շարք պատգամավորների հետ. «Նիկոլ Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի, Զարուհի Փոստանջյանի հետ: Փորձելու ենք հանդիպել նաեւ մյուս խմբակցության անդամների հետ: Մեր նպատակն է, որ այս ուղղությամբ ԱԺ-ում իրավական գործընթաց եւս սկսվի, որովհետեւ Հայաստանն այս մասով դեռ անելիքներ ունի»: Զրույցի ավարտին Բորիս Մուրազիից հետաքրքրվեցինք, թե այս օրերին ի՞նչ է կատարվում Իրաքում. «Գրեթե բնակչություն չկա: Այնտեղ մնացել են զինյալները, ովքեր մարտնչում են: Ի դեպ, նշեմ, որ նրանք երեկվանից արդեն ունեն իրենց ընդհանուր դրոշը, որը կարեւորագույն իրադարձություն է ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար»:

 

ԱՆԿԱԽ ՇՈՏԼԱՆԴԻԱ
Այսօր պարզ կդառնա Շոտլանդիան մնում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում, թե՝ ոչ: Երեկ այնտեղ անկախության հանրաքվե էր տեղի ունենում: Եվ կատարված հասարակական կարծիքի հարցումները վկայում էին, որ անկախությանը կողմ է շոտլանդացիների մոտ 48 տոկոսը:

 

ԽԻՍՏ ԶԲԱՂՎԱԾ
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությունը պետք է կարողանա այնպես անել, որպեսզի բանաձեւ-զեկույց չնախապատրաստվի ԼՂՀ հարցի վերաբերյալ: Իսկ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մեր 2 ներկայացուցիչները ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն են: Արդեն երկու օր է «Ժողովուրդ»-ը փորձում է պատգամավորներից պարզել, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ադրբեջանցիների այդ նախագիծը կյանքի չկոչվի, սակայն չի ստացվում: Ն. Կարապետյանը որեւէ կերպ չի արձագանքում մեր հեռախոսազանգերին: Իսկ Հ. Նաղդալյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցության գործունեության շրջանակներում Օսլոյից մեկնել է Չինաստան: Թե ինչպես են նրանք պայքարելու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում, դեռ անհասկանալի է մնում:

 

ԵՐԲ ԿԱՍԻ ՈՉ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱԺ ոչ իշխանական ուժերի հանրահավաքին: «Ուզում եմ հասկանալ՝ ժողովուրդը երբ է ոտքի կանգնելու, երբ է այդ ամենից զզվելու: Ես քաղաքականությունից չեմ գնացել, բայց քաղաքական վիճակի համար պետք է մթնոլորտ լինի: Բոլորն էլ այժմ սպասում են, թե երբ ժողովուրդը Սերժին «ոչ» կասի: Իսկ Քառյակն ուզում է մաքսիմալ թուլացնել Սերժին: Դա ընդդիմություն չի, դա, ասենք, իշխանության մի մասն է, որը ցանկանում է օգտվել իրավիճակից»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Երեկ առավոտյան մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում ստացած վնասվածքից զոհվել է ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Հարուցվել է քրեական գործ:

 

ԼԻՍԿԱՅԻ ՑԵՂԸ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբոր որդին` Արմեն Ասլանյանը, սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի:

 

ԴԻԱԿԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
Օգոստոսի 7-ին ադրբեջանական սահմանում հայտնված, հաջորդ օրը անհասկանալի պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի դին շարունակում է հակառակորդի մոտ մնալ: Armlur.am-ի հետ զրույցում Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը, հայտնել է, որ երեկ իրենց զանգահարել են Երեւանից եւ հայտնել, որ երկուշաբթի օրը պետք է ներկայանան: Թե որ կառույցից է եղել զանգը, Արտուշ Պետրոսյանը դժվարացել է նշել, միայն ընդգծել է, որ Կարմիր Խաչից չի եղել. «Մեզ կոնկրետ չեն ասում` ինչ ա կատարվում, տղուս դիակը երբ կբերեն: Արդեն չենք էլ հասկանում` ինչ է կատարվում»:

 

ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ
«Հայ ավտոներկրողների միավորում» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ մի քանի ավտոներկրողներ երեկ իրենց դժգոհությունն են հայտնել «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետի վերաբերյալ, համաձայն որի՝ 2-րդ մեքենա ներկրելու դեպքում պարտավոր են հարկ վճարել պետությանը: «Մենք բոլորս երկրորդ մեքենան ներկրում ենք այլ քաղաքացու անունով, որովհետեւ 5000 դոլարանոց մեքենա վաճառելով 10 տոկոս շահույթ ենք ունենում, բայց օրենքը պահանջում է, որ 16 տոկոս հարկ վճարենք: Մենք երազում ենք, որ անկախացումից ի վեր այնպիսի վիճակ ստեղծվի, որպեսզի մենք կարողանանք դառնալ հարկատու, ոչ թե գողի նման այլ քաղաքացիների անունով ներկրենք եւ վաճառենք»,- նշել է նա:

 

ՆՈՐ «ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐ»
«Վեդոմոստի» թերթի տեղեկացմամբ՝ Կրեմլում հավանություն են տվել օրինագծին, որը նախատեսում է ռուսական մեդիաակտիվներում օտարերկրյա կապիտալի մասնակցության աստիճանի սահմանափակում մինչեւ 20%-ի չափով: Օրինագիծը մշակվել է նախագահի վարչակազմի նախաձեռնությամբ եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Պետդումայի կողմից: Բացի այդ, առաջարկվում է արգելել օտարերկրացիներին եւ երկքաղաքացի անձանց հանդես գալ որպես լրատվամիջոցների հիմնադիրներ: Այսպիսով` Ռուսաստանը քայլ առ քայլ վերադառնում է «երկաթե վարագույրի» տարիներին, եւ արդեն իսկ տեսանելի է դառնում, թե մեզ ինչպիսի տխուր հեռանկար է սպասվում` ԵՏՄ-ին անդամակցության դեպքում:

 




Լրահոս