Զարուհի Փոստանջյանը պահանջեց ՀՀ-ից ճանաչել Արցախի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց ԼՂՀ և ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական դրույթների ապահովման վերաբերյալ նախագիծը: Այն Ազգային ժողով էր ներկայացրել «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը: Մեկ գիշերվա մեջ է այդ որոշումը կայացվել, այդ մասին Սերժ Սարգսյանը ինքն էլ խոստովանեց: Այդ որոշումը հասարակության համար անակնկալ որոշում էր, քանի որ մինչ այդ բանակցություններ էին տարվում մեկ այլ միությանը միանալու համար»,-իր նախագիծը ներկայացնելիս նշեց նա:

Պատգամավորը կարծում է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը, նոր դրանից հետո միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ բանակցություններ վարեր: «Ժառանգությունը տարիներ շարունակ այս հարցը բարձրացրել է, մյուս քաղաքական ուժերը կարևորում են այդ հարցը: Արդեն հրապարակվել է, որ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ սահմանին այլ պետությունների հետ սահմանին: Այդ՝ սահման ունեցող երկրների մեջ մտնում է նաև Արցախի հանրապետությունը, թեպետ մենք մեկ միասնական տնտեսական տարածք ունենք, մենք նույն ժողովուրդն ենք: Դե ֆակտո մենք ունենք երկու պետություններ, որոնցից մեկը դե յուրե ճանաչված չէ, դա Արցախն է: Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը և ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք և չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե՛ Արցախի հանրապետության ինքնիշխանությանը, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց Փոստանջյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների մեծ մասն այս պահին աննպատակահարմար համարեց նման նախագծով հանդես գալն ու  քննարկելը:




Լրահոս