ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐԱԶԱՏԸ ԾԵԾԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋԸ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. փետրվարի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է՝ պատգամավորի եղբորորդին հայհոյել եւ ծեծի է ենթարկել մի ոստիկանի եւ նրա կնոջը:
2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն, իր ընկերներ Սեյրան Վանեսյանի, Գարիկ Գինոսյանի հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած ԲՄՎ մակնիշի 05 ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ՝ Մարինե Ասատրյանի դեմքին:
Ինչո՞ւ է պատգամավորի եղբորորդին իր ընկերների հետ ծեծի ենթարկել Համազասպ Լալայանին եւ նրա կնոջը, ավելին՝ ո՞վ է Համազասպ Լալայանը:
Պարզվում է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին, ով «Արծվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ծեծի է ենթարկել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ավագ ոստիկանի:
Ի՞նչից է սկսվել կռիվը
Ըստ ծեծի ենթարկված Համազասպ Լալայանի ցուցմունքի՝ 2013թ. օգոստոսի 23-ին ինքը կնոջ՝ Մարինե Ասատրյանի հետ հրավիրված են եղել կնոջ ընկերուհու հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Իգդիր» ռեստորանային համալիրում:
«Ռեստորանային համալիրից դուրս են եկել ժամը 23:30-ի սահմաններում: Հասնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց, խաչմերուկը չանցած, ձախ կողմից իր ավտոմեքենային վազանց կատարող սպիտակ գույնի մի ավտոմեքենա ձայնային ազդանշան է տվել: Նա կարծել է, որ իրեն ծանոթ է, ինքն էլ այդ ավտոմեքենային է ազդանշան տվել: Նշված ավտոմեքենայի վարորդը ընթացքի ժամանակ հավասարվելով իրեն, իջեցրել է պատուհանը՝ ասելով՝ աջ հատվածում կայանի` հարցնելով, թե ինչու է ձայնային ազդանշան տալիս: Ավտոմեքենայի միջից իջել է Սեյրան Վանեսյանը եւ առանց իր հետ որեւէ բառ փոխանակելու կամ պարզաբանում պահանջելու, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով իր հասցեին, երկու անգամ աջ ձեռքի երկաթյա կաստետով ուժեղ հարվածել է իր գլխի ձախ ականջի վերեւի հատվածին»,-նշել է ավագ ոստիկանը իր ցուցմունքում:
Ըստ ոստիկան Լալայանի՝ ինքն գրկել է Սեյրան Վանեսյանին` հարցրել է, թե ինչո՞ւ է հարվածում՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանության աշխատող է, որպեսզի վարորդը սթափվի: Սակայն վերջինս ասել է, որ ինքն էլ սարալանջցի Սեյրանն է: Երբ ոստիկանն ու իր կինը ցանկացել են նստել ավտոմեքենան եւ հեռանալ, այդ պահին հայտնվել է սեւ գույնի ԲՄՎ մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել են երկու տղաներ՝ պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը եւ Գարիկ Գինոսյանը: Մովսես Մանուկյանը հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ է հասցրել ոստիկանի դեմքին, որին միջամտել է նրա կինը: «Մովսեսը ձեռքի մետաղյա կաստետով հարվածել է կնոջ ծնոտի եւ կրծքավանդակի շրջանին: Երբ նստել է ավտոմեքենայի մեջ եւ փորձել է վարել այն, Մովսես Մանուկյանը հարվածներ է հասցրել իր ավտոմեքենայի տարբեր հատվածներին` վնասելով այն: Դրանից հետո ինքը, մի կերպ նստելով ավտոմեքենան, կնոջ հետ հեռացել են այնտեղից»,-նշված է ցուցմունքում:
Բնականաբար, ոստիկանի բողոքի հիման վրա հարուցվել է քրգործ եւ քննության ողջ ընթացքում պատգամավորի եղբորորդին՝ Մովսեսը, իրեն կատարվածում մեղավոր չի ճանաչել: Վերջինս դատարանում ասել է, թե նշված օրը, ինքն իր ընկերոջ մեքենան նշված վայրում տեսել է տուժողների հետ կանգնած: Երբ հարցրել է, թե ինչ խնդիր կա, Սեյրան Վանեսյանը պատասխանել է, թե ամեն ինչ նորմալ է, ազդանշան տալու համար ենք կանգնել: Ուստի ինքը ու Գարիկը ավտոմեքենայից չեն իջել, նրանց չեն հարվածել եւ չեն հայհոյել:
Չնայած այս պատկերին, ավելի քան 6 ամիս տեւած քննությունից հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը սեպտեմբերի 5-ին հրապարակեց վճիռը: Ըստ որի՝ Սեյրան Վանեսյանը կատարած արարքի համար որպես պատիժ տուգանվեց 500.000 դրամի չափով, ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, 400.000 դրամի չափով, իսկ նրա ընկեր Գարիկ Գինոսյանը՝ 400.000 դրամի չափով:
Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, նրան անզգույշ քաշքշելու համար, օրինակ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման եւ շուրջ երկու տարի անցկացրեց ճաղերի հետեւում: Իսկ այս դեպքում ոստիկանին ու իր կնոջը ծեծողները «տուգանքով պրծան»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԻՐԵՆ ԼԱՎ ՉԻ ՊԱՀՈՒՄ ԲԱՆՏՈՒՄ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, մի քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու գործընթացը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդին ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել:
Երբ Վահե Ղուկասյանին դեռ նոր էին կալանավորել, նա գտնվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ ավելի ուշ՝ տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Պարզվում է՝ այստեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ էին սպասվում: Լուրեր են պտտվում, որ Վահե Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում քննիչի հետ հակամարտության մեջ է մտել, որը նույնիսկ քաշքշուկի է վերածվել: Բացի այդ, մեզ լուրեր հասան այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի պետը բավականին խիստ է եղել Ղուկասյանի նկատմամբ եւ արգելել է ավելորդ քայլեր կատարել: Սակայն Վահե Ղուկասյանը չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ, ուստի չի բացառվում, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը նրանից «գլուխն ազատելու» համար խնդրել է վերադասին նրան տեղափոխել այլ ՔԿՀ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վահե Ղուկասյանը օրերս «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Իհարկե, նորություն չէ, որ Ղուկասյանները նույնիսկ կալանավայրում իրենց զգում են ինչպես տանը: Տարիներ առաջ, երբ Գյումրու նախկին քաղաքապետի որդին կալանավորվել էր, բանտում ապրում էր՝ ինչպես հանգստավայրում:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ին, Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո), ով հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը ինքն է կատարել:
Ավելի ուշ Վահեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կատարած արարքի համար դատապարտվեց 17 տարվա ազատազրկման, որի հարազատներն էլ այդ վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԼԹ
«ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»ը, կարծում եմ, բովանդակային քննարկումներին կմասնակցեն, հետո էլ իրենց կարծիքը կասեն»:
Սուքիաս Ավետիսյան Tert.am
ՀՀԿ-ական պատգամավորները, հատկապես ոչ երիտասարդները, սիրում են իրենց ունեցած տեղեկություններն ուղիղ կերպով ներկայացնելու փոխարեն իրենց խոսքերում ակնարկներ անել: ՀՅԴ-ն դեմ չէր սահմանադրական բարեփոխումներին եւ արդյունքում լքեց Քառյակը, հետեւաբար` կմասնակցի դրանց բովանդակային քննարկումներին: Հիմա Սուքիաս Ավետիսյանը նույնն ասում է նաեւ «Ժառանգության» մասին, եւ դժվար թե դա պատահականություն լինի: Իսկ միգուցե նրանք արդեն գիտե՞ն, կամ ինչ-որ պայմանավորվածությու՞ն կա, որ «Ժառանգություն»-ն էլ կարող է լքել արդեն եռյակ դարձած քառյակը` այն վերածելով երկյակի:
«Բուդաղյանն այնքան հիմարիկ է, իր գեղական մակարդակով, որ չի հասկանում` ում ինչ է ասում»:
Ահարոն Ադիբեկյան Asekose.am
Իրեն ամենայն հայոց սոցիոլոգ համարող մեծն թվանկարիչի մոտ պարզվում է` ինչ-որ բան այն չէ: Մի մարդ, ով տարիներ շարունակ փորձել է հիմարացնել հայ հասարակությանը, այսօր «հիմարիկ» է անվանում Գորիսի միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը` Արա Բուդաղյանին, այն բանի համար, որ վերջինս Ադիբեկյանին մեղադրել է ծախված լինելու մեջ: Իսկ մի՞թե մեղադրելու հիմք չի հանդիսանում թեկուզ այն, որ նկարիչ-սոցիոլոգն իր «հետազոտությունում» նշել է, թե իբր Սյունիքի բնակիչների 60 տոկոսը կողմ է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
«Հայաստանում տարվող մեր քաղաքականության նպատակը պարզ է` օգնել ստեղծել ազատ եւ բարգավաճ Հայաստան, որը խաղաղ հարաբերությունների մեջ կլինի իր հարեւանների հետ»:
Ռիչարդ Միլզ Tert.am
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին երեւի թվում է, թե մենք չենք հետեւում միջազգային իրադարձություններին եւ պատկերացում չունենք ԱՄՆ-ի նպատակների մասին: Իրականում մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ ստեղծում ազատ եւ բարգավաճ պետություն Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, եւ, ի վերջո, Ուկրաինայում, երբ տարօրինակ կերպով այդ երկրները բարգավաճելու փոխարեն վերածվեցին ավերակների: Այսքանից հետո բարգավաճ եւ ազատ Հայաստան ստեղծելու` ԱՄՆ-ի ցանկությունն առնվազն որպես սպառնալիք է հնչում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ