Ռուսաստանի Պետական դուման այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից:
Պայմանագրով ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը, որը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև երեք երկրների համաձայնեցված տնտեսական քաղաքականության իրականացում: Փաստաթուղթը նախատեսում է անցում միասնական մաքսային տարիֆի, տեղեկացնում է Ինտերֆաքսը: