ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ Է ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Շարունակելով ներկայացնել Startfor-ի՝ «Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված վերլուծականները, այսօր անդրադառնանք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ-ի դերակատարությանը: Հեղինակը, ով քննարկում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը, չի շրջանցում նաեւ Հայաստանի ներքաղաքական դրությունը: Վերլուծությունը ներկայացնում է Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, նրա ունեցած հնարավորություններն ու գործողությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հեղինակը եզրահանգում է, որ տարածաշրջանին հուզող ցանկացած հարցում պաշտոնական Մոսկվան տեսնում է բացառապես սեփական շահը եւ պատրաստ է վիժեցնել յուրաքանչյուր գործընթաց, որը չի բխի իր շահերից:

Startfor-ի վերլուծականի հեղինակը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել են Մոսկվայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո: Վերլուծաբանը շտապում է հավելել, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու մասին արձանագրությունները դեռ պետք է սպասեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը: Գնահատելով արձանագրությունների իրական նշանակությունը, Startfor-ը պնդում է, որ դրանք բացառապես խորհրդանշական բնույթ ունեն: Անդրադառնալով արձանագրությունների ստորագրումից առաջ ԼՂ հարցով բանակցություններին՝ Startfor-ը նկատում է, որ դրանք են իրականում կանխորոշել հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշականությունը, քանզի է՛լ ավելի են մեծացրել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում առկա խոչընդոտները:
Ըստ վերլուծական կենտրոնի աղբյուրների՝ Թուրքիան խիստ դժգոհ է, որ բանակցությունները տապալվել են եւ ոչ մի իրական առաջընթաց տեղի չի ունեցել: Իրավիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել նաեւ Ադրբեջանը, որը սպառնացել է ամեն կերպ խաթարել հայ-թուրքական հարաբերությունները, եթե Թուրքիան Հայաստանին ընդառաջ գնա ԼՂ հիմնախնդիրը օդում կախված պահելով: Startfor-ի վերլուծականը բացահայտում է, որ Թուրքիան Հայաստանի հետ խոսել է վերջնագրերի լեզվով՝ հայտարարելով, թե երկու երկրների միջեւ սահմանները չեն բացվելու մինչեւ այն պահը, երբ կլուծվի ԼՂ հակամարտությունը: Հատկանշական է, որ Startfor-ի պնդմամբ՝ թուրքերը պարզ ասել են, որ արձանագրությունների՝ լինել-չլինելը իրերի դրությունը ոչնչով չի փոխում: Հեղինակը արձանագրում է, որ թուրքերի նման կեցվածքն է՛լ ավելի է ընդգծում հայ-թուրքական արձանագրությունների դատարկ ու հեշտ շրջելի լինելը: Հավելենք, որ ցայսօր հենց այդ «դատարկ» արձանագրություններն են Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հիմնական առանցքը եւ անգամ դրանց վավերացման ակնկալիքով ՀՀ նախագահի մակարդակով Ծիծեռնակաբերդ այցելելու հրավեր է ուղարկվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Ներկայացնելով ներհայաստանյան իրավիճակը՝ Startfor-ը արձանագրում է, որ հայ հասարակությունը պարուրված է հակակրանքով ու հակասություններով: Հեղինակի համոզմամբ՝ Ցեղասպանության հիմնախնդիրը շարունակում է ամուր նստած մնալ հայության հավաքական մտածողության մեջ: Ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանը չի նկատում, որ անգամ իր կուսակցությունն է ոչ միանշանակ տրամադրված տեղի ունեցող գործընթացի հանդեպ: Հեղինակը հավելում է, որ թեպետ Սարգսյանը խոստացել էր պատասխան այցով Թուրքիա մեկնել բաց սահմաններով, այդուհանդերձ, չի պահի իր խոստումը եւ, ամեն դեպքում, կմեկնի Թուրքիա: Ցավով պետք է արձանագրել, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը պատրաստ է հեշտորեն մոռանալ սեփական խոսքերը` այդպիսով ի ցույց դնելով դրանց իրական արժեքը:
Գլխավոր դիտորդի կարգավիճակ շնորհելով Ռուսաստանին՝ վերլուծականը պնդում է, որ Մոսկվան խորապես ներքաշված է տարածաշրջանային գործընթացներում: Startfor-ը եզրակացնում է, որ Ռուսաստանն ինքն էլ շատ լավ գիտի իր հնարավորությունները եւ կարող է ցանկացած պահի կայացնել կամ էլ տապալել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր համաձայնությունը: Հեղինակը վստահ է, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանը միակն է, որը գտնվում է Ռուսաստանից մեծագույն կախվածոթյան մեջ: Ինչն էլ հիմք է տալիս պնդելու, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ցանկացած առաջընթաց հնարավոր է, եթե այն բխի պաշտոնական Մոսկվայի շահերից: Ավարտելով վերլուծականը՝ հեղինակը հավելում է, որ մինչ Մոսկվան կորոշի իր անելիքն ու շահը, երկու գործընթացներն էլ կշարունակեն մնալ առկախված վիճակում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՀԱՄԱՐ

Երեկ Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել եւ միաժամանակ փակել Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհը: Գյուղացիների բողոքի պատճառն այն է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Սահակ Մուրադյանը թույլ չի տալիս անտառից վառելափայտ ձեռք բերել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական:
Երեկվա բողոքի ակցիային Հաղարծինի բնակիչներից բացի մասնակցել են նաեւ Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի եւ այլ համայնքների բնակիչներ:
«Ժողովուրդ»-ը Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանից տեղեկացավ, որ մինչ այս գյուղացիները յուրաքանչյուր տարի առանց խոչընդոտների կարողացել են վառելափայտ ձեռք բերել:
«Փայտ չունեն, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենը թույլ չի տալիս փայտ կտրել անտառից: Բնապահպանության նախարարն էլ է նոր մարդ, Ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ: Մոտ երկու ժամ բանակցելուց հետո, ի վերջո մարզպետը կարողացավ խոսել նախարարի հետ եւ, հավանաբար, վաղվանից թույլտվություն կլինի: Անտառներում հաշվարկներ էր ընթանում, երեւի շատ ուշացավ, իսկ եղանակներն էլ արագ փոխվեցին, դրա համար էլ մարդիկ մտահոգված են, քանի որ արդեն ցուրտ է»,-ներկայացրեց գյուղապետը:
Թեեւ Հաղարծինում բոլոր տները գազաֆիկացված են, սակայն բնակիչները հրաժարվում են գազ վառել, քանի որ այն չափազանց թանկ է: «Այնքան թանկ է: Նույնիսկ ես չեմ սպառում: Ես էլ եմ ձմռան ամիսներին փայտ օգտագործում: Բայց մարդկանց վստահեցրել են, որ վաղվանից թույլտվությունը կլինի»,-հույս հայտնեց գյուղապետը:
Տեղեկացնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների եւ փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն դրամի վարչական տուգանք եւ հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված 3.4 մլն դրամի վնաս:
Ի դեպ, երեկվա բողոքի ակցիան հանդարտեցնելու նպատակով Հաղարծին են գնացել Դիլիջանի ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի տարածքային բաժնի պետ, Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը: Իսկ ահա մարզպետ Հովիկ Աբովյանը չի բարեհաճել ժամանել`հանդիպելու դժգոհող գյուղացիների հետ: Փոխարենը գյուղապետերն են մի քանի գյուղացու հետ գնացել մարզպետի մոտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ

Սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Նրա ձերբակալությունը կատարվել է Երեւանում: Սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքի դատարաններից մեկը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ, որպես խափանման միջոց, Ա. Ազիբեկյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք:
Ազիբեկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ քննչական գլխավոր վարչության Տավուշի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի նկատմամբ, ով, սակայն, ձերբակալված չէ: Մեր ունեցած տեղեկություններով` նա համագործակցում է քննչական մարմնի հետ եւ խոստովանական ցուցմունքներ է տվել:
Գործով քննությունը կատարում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քրեական գործը կապված է 2014թ. ապրիլի 1-ին Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվող «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Տվյալ միջադեպի մասնակիցներն էին համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի բնակիչ Աշոտ Այդինյանը: Սկզբից ոստիկանությունն այս դեպքը ներկայացրեց այնպես, իբրեւ թե Աշոտ Այդինյանը մահափորձ է կատարել Անդրանիկ Խոջումյանի նկատմամբ, վերջինս էլ ինքնապաշտպանության է դիմել;
Այդ քրեական գործի քննությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան՝ ոստիկանության հատկապես կարեւորագույն գործերի քննչական վարչություն: Դրանից հետո սպանության փորձի մեղադրանք առաջադրվեց նաեւ Անդրանիկ Խոջումյանին, որը կալանավորվեց: Արտակ Ավետիսյանը եւ Անդրանիկ Ազիբեկյանը մեղադրվում են այն բանում, որ կեղծել են «Իջեւանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության ապացույցները: Մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Ազիբեկյանը չի ընդունում իր մեղքը: Իսկ Արտակ Ավետիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Անդրանիկ Խոջումյանի եւ Անդրանիկ Ազիբեկյանի հետ:
Իջեւանի նախկին ոստիկանապետի հարազատները եւ բազմաթիվ իջեւանցիներ կարծում են, որ Ա. Ազիբեկյանի «գլխին սարքել են»: Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Իջեւանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնը: Կ. Հակոբյանը նախկինում զբաղեցրել է քննչական գլխավոր վարչության Տավուշի բաժնի պետի պաշտոնը: Նա ծագումով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է:
Իջեւանում խոսակցություններ են տարածված, որ նա Հրանուշ Հակոբյանի եղբորորդին է: Սակայն մեզ հետ զրույցում Հակոբյանը ժխտեց դա։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս