Երեւանում, այսօր` մայիսի 2-ի առավոտյան, տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը: Այդ մասին հայտնեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` մայիսի 2-ին, լրագրողների հետ շտաբի անդամների հանդիպման ժամանակ:
“Ոստիկանությունն արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը համարում է պատվի գործ եւ ողջ ծավալով իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունները”,- նշեց Պողոսյանը: Վերջինիս խոսքով, քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ: 3 ահազանգը թողնվել է անհետեւանք, ութ գործերով որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժել: Մեկ դեպքով, 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ դեպք էլ` հանցագործության մասին հաղորդում, չի դիտարկվել: Ոստիկանության շտաբի պետ, Վարդան Եղիազարյանն իր հերթին նշեց, որ արդեն կատարված է պլանով նախատեսված առաջին փուլը, նախընտրական բոլոր միջոցառումները կատարված են: Մնացած միջոցառումները կսկսվեն մայիսի 5-7-ին: Մայիսի 5-ից ոստիկանությունը գործելու է շուրջօրյա: Թեժ գծեր են բացվել, որոնցով կարելի է զանգել եւ բազմուղի կապով ստանալ իրենց հուզող հարցի պատասխանը, տեղեկատվություն տրամադրել: “Հանդիպումներ ենք ունեցել ինչպես ԱՊՀ, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ: Նրանց հուզող բոլոր հարցերը լուծվել են: Ոստիկանությունը տեղեկացված է դիտորդների մասին եւ առավելագույն աջակցություն է ցուցաբերվելու”,- նշեց Վարդան Եղիազարյանը: